Իմ եղբայրը դեմ չի եղել, որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը. Վաչիկ Բալասանյան

20:23 • 20.02.17

Իմ եղբայրը դեմ չի եղել , որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը, դա իմ սահմանադրական իրավունքն է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի եղբայր Վաչիկ Բալասանյանը, ով ինքնաառաջադրվել է լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական հանրաքվեին զուգահեռ անցկացվում են նաև լրացուցիչ խորհրդարանական ընտրություններ: N5՝ Ասկերանի, ընտրական տարածքի լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների կարիքն զգացվել է այն բանից հետո, երբ Ասկերանից պատգամավոր ընտրված արցախյան պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանը 2016 թ. նոյեմբերի 3-ին նշանակվել է ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Ընտրատարածքում առաջադրված է երկու թեկնածու` Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս Վիլեն Սաֆարյանը և Վաչիկ Բալասանյանը, ով ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եղբայրն է։

Անդրադառնալով իր եղբոր՝ Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ վերջինս Ասկերանի ընտրատարածքում չի աջակցում ոչ մեկին, այդ թվում հարազատ եղբորը, Վաչիկ Բալասանյանն պատասխանեց «Այո՛, դա այդպես է, քանի որ նա Անվտանգության խորհրդի քարտուղար է: Իմ եղբայրը դեմ չի եղել , որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը: Դա իմ սահմանադրական իրավունքն է և ոչ մեկը ոչ դեմ, ոչ էլ կողմ է եղել ինձ»:

Մինչդեռ նշենք, որ Վիլեն Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն աջակցում է իրեն։

Ավելի վաղ, Վաչիկ Բալասանյան Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունների իր քարոզարշավը խոչընդոտվում է. «Կրթության բաժնի պետը ժամանակին տեղյակ չի պահել և ուսուցչական կոլեկտիվի հետ չենք կարողացել հարմար ժամ պայմանավորվել, որ քարոզարշավն իրականացնենք»: Հարցին, թե դա ազդել է ընտրությունների ընթացքի վրա, Վաչիկ Բալասանյանն ասաց, որ ընտրությունները ժողովրդավար են անցնում և իր շանսերը բավական բարձր գնահատեց:

Վաչիկ Բալասանյանը նաև նշեց, որ Վահան Բադասյանն իր վստահված անձն է Ակնաբյուր գյուղում: