Հազարավոր բրիտանացիներ բողոքի ակցիա են կազմակերպել Թրամփի սպասվող այցի դեմ (տեսանյութ)
Միացյալ Թագավորության հազարավոր բնակիչներ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող այցի դեմ:
Ինչպես հայտնում է The Hill-ը, ընդհանուր առմամբ, Թրամփի այցը չեղարկելու պահանջով հավաքվել է մոտ 7.000 մարդ:
Աղբյուրը մանրամասնում է, որ բողոքի ակցիայի անցկացմանը զուգահեռ խորհրդարանում քննարկվել է Թրամփի այցին առնչվող 2 խնդրագիր: Դրանցից առաջինը, որը հավաքել է 1 մլն-ից ավելի ստորագրություն, պահանջում է թույլ չտալ այցը, մինչդեռ մյուսը, որը ստորագրել է ավելի քան 300.000 հոգի, կողմ է ԱՄՆ նախագահին Մեծ Բրիտանիա հրավիրելուն:
Բրիտանացիների դժգոհության պատճառը Թրամփի կոշտ դիրքորոշումն է ներգաղթյալների ու փախստականների հարցում:
Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն առաջին օտարերկրյա պաշտոնյան էր, որը Թրամփի երդմնակալությունից հետո հանդիպել է նրա հետ: Հանդիպման ժամանակ Մեյը թագուհի Էլիզաբեթ 2-րդի անունից Թրամփին և նրա կնոջը հրավիրել էր Մեծ Բրիտանիա:










