Մոսկովյան դատարանը երկարաձգել է Մոսկվայում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը

15:50 • 21.02.17

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը մինչև ապրիլի վերջ կալանքի տակ է թողել գործարար Արամ Պետրոսյանին, որը պատանդներ էր վերցրել «Սիթիբանկ»-ի մոսկովյան մասնաճյուղում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Խափանման միջոցի երկարաձգման մասին քննիչի միջնորդությունը բավարարել, երկարաձգել խափանման միջոցը մինչև ապրիլի 24-ը»,- որոշումը հայտնել է դատավոր Մարիա Կուդրյաշովան:


Մինչ այդ քննիչը մտադիր է ստանալ հոգեբանա-հոգեբուժական և հոգեբանա-լեզվական համալիր փորձաքննության եզրակացությունը, սպասել օպերատիվ-քննչական միջոցառումների անցկացման մասին հանձնարարությունների պատասխաններին և Պետրոսյանին վերջնական խմբագրմամբ մեղադրանք առաջադրել:


Ինքը՝ Պետրոսյանը, խնդրել է իրեն տեղափոխել տնային կալանքի՝ խոստանալով չթաքնվել դատարանից:


«Ես ինքս եմ գնացել այդ հանցագործությանը՝ անձնագիրս գրպանում, բաց դեմքով, ես ինքս եմ հանձնվել: Ես ամբողջովին կկանգնեմ օրենքի առաջ և պատասխան կտամ իմ գործողությունների համար»,- ասել է մեղադրյալը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 21-ին Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը կքննի «Սիթիբանկ»-ի մոսկովյան մասնաճյուղում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետի երկարաձգման մասին միջնորդագիրը: 


Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության և պատանդներ վերցնելու համար, դատարանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը հաստատվել է մինչև 2017 թվականի փետրվարի 24-ը: Քննությունը գործարարին նշանակել է ստացիոնար հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն: Առաջին ամբուլատոր անցկացված փորձաքննությունը Պետրոսյանին մեղսունակ է ճանաչել:


Հիշեցնենք, որ սնանկացած հայ գործարարը մոսկովյան բանկի մասնաճյուղ էր ներխուժել անցած տարվա օգոստոսին և չորս պատանդ վերցրել՝ սպառնալով պայթեցնել շենքը: Նա ինքնակամ հանձնվել էր ոստիկաններին և ավելի ուշ պարզաբանել, որ այդ քայլով ցանկացել է ուշադրություն հրավիրել բիզնեսում առկա խնդիրների վրա: