Հայկական կողմի սպառազինումը կատարվում է «խելացի սպառազինում` խելացի պաշտպանություն» կոնտեքստում. փորձագետներ (տեսանյութ)
Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտը տարեկան զեկույց է հրապարակել, որտեղ Հայաստանի համար մտահոգիչ տվյալներ կան: Օրինակ`վերջին հինգ տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Թե որն է Հայաստանի համարժեք քայլը, արդյոք մտահոգիչ է այդ փաստը, ինչով են տարբերվում Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունները, Tert.am-ը այս հարցերի շուրջ զրուցեց «Ռազմինֆո»-ի փորձագետներ Տարոն Հովհաննիսյանի և Գարիկ Հարությունյանի հետ:
Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի կողմից համարժեք քայլի մասին խոսելիս, պետք է հասկանալ, թե ռեսուրսներն ինչ մասշտաբների են և այդ ինստիտուտը ինչի հիման վրա է տվյալները հրապարակում.
«Հիմնականում նման միջազգային ինստիտուտները հրապարակում են անում բաց աղբյուրներում եղած տեղեկությունների հիման վրա, և իրենց տվյալներն ավելի կոմպետենտ են ավելի խոշոր երկրների պարագայում: Մեր տարածաշրջանի վրա ուշադրությունը հիմնականում ավելի քիչ է։ Ըստ այդմ՝ իրենց մոտ երբեմն բացեր են լինում: Այսինքն՝ սա մեկ, որ ամբողջովին չենք կարող ասել, որ նրանց տրամադրած տեղեկությունն օբյեկտիվ է, բայց մյուս կողմից չենք էլ կարող ասել, որ տեղեկությունն ամբողջովին օբյեկտիվ չէ: Այսինքն՝ իրենք իրոք վերջին տարիների ընթացքում մեծացրել են զենքի ներկրման ծավալը, բայց պետք է նաև հասկանանք, որ զենքի ներկրումն ու օգտագործումը, ըստ նշանակության, ոչ միշտ են համապատասխանում իրար»:
Փորձագետ Հովհաննիսյանի խոսքով՝ երբեմն Ադրբեջանը ներկրում է նույն նշանակությամբ զենքեր, ինչ արդեն ունի: Նա հայտնեց, որ, օրինակ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Ադրբեջանն ունի ռուսական արտադրության, հետո գնում են իսրայելական արտադրության, հետո թուրքական. « Այսինքն՝ իրենց մոտ կա նաև քարոզչական կողմը զենք գնելու»:
Փորձագետ Գարիկ Հարությունյանի խոսքով՝ հայկական կողմը մշտապես հայտարարում է, որ ռեսուրսները սակավ են, և հայկական կողմը չի կարող խաղալ ադրբեջանական խաղի կանոններով. «Մեր սպառազինման գործընթացը կատարվում է խելացի սպառազինում՝ խելացի պաշտպանություն կոնտեքստում: Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել հարձակվել, իսկ մենք մեր առաջ խնդիր ենք դրել պաշտպանվել կամ զսպել: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ երբ ադրբեջանական կողմը զգում է, որ կարող է ինչ-որ բանի հասնել, դա փորձում է անել»։
Հարցին, թե, ըստ նույն զեկույցի, Ադրբեջանը Ռուսաստանից զենք ձեռք բերողների հնգյակում է, ռուսական ռազմական արտադրության 4%-ը ձեռք է բերում միայն Ադրբեջանը, արդյոք սա մտահոգիչ չէ՞, հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը, Գարիկ Հարությունյանը պատասխանեց. «Հայաստանը ոչ թե չի մտնում մրցավազքի մեջ, այլ չի մտնում սիմետրիկ մրցավազքի մեջ. երբ Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական սպառազինություն, Հայաստանը ստիպված է գնել պաշտպանողական սպառազինություն: Սա կարող ենք անվանել մրցավազք, կարող ենք չանվանել, սակայն սա հստակ սիմետրիկ մրցավազք չէ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այո, դա Հայաստանի համար մտահոգիչ է»:
Դիտարկմանը, թե մի շարք մակարդակներով հայտարարվում, է որ եթե Ռուսաստանն է զենք վաճառողը, ապա նաև կարող է զսպել Ադրբեջանին, Տարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ չափազանցված է այն միտքը, որ Ռուսաստանը փորձում է զսպել Ադրբեջանին. «Այսպիսի արտահայտություն կա՝ միայն բիզնես և ուրիշ ոչ մի բան: Դա մտահոգիչ է, և եթե մենք չենք կարողանում այդ առևտուրն ամբողջովին բացառել, ապա պետք է գոնե կարողանանք փոքրացնել գնումների չափերը, սակայն պետք չէ բացառել նաև այն, որ նմանատիպ սպառազինություն Ադրբեջանը կարող է ձեռք բերել այլ երկրներից»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










