Գիտնականները մորֆիին փոխարինող ցավազրկող միջոց են հայտնաբերել, որը կախվածություն չի առաջացնում

20:09 • 21.02.17

Ամերիկացի կենսաբանները ծովային կոնաձև խխունջի թույնի մեջ արտասովոր մոլեկուլ են հայտնաբերել, որը ցավը վերացնում է նույն կերպ, ինչպես մորֆին և այլ ափիոն պարունակող ցավազրկողները, սակայն կախվածություն չի առաջացնում:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, այս մասին հոդվածը հրապարակվել է PNAS ամսագրում: Խխունջները թույնն օգտագործում են իրենց զոհին կաթվածահար անելու կամ սպանելու համար: Կոնաձև խխունջները մեծամասամբ հանդիպում են արևադարձային ծովերի ափամերձ ջրերում: Ընդհանուր առմամբ, այս խխունջների 500 տեսակ գոյություն ունի:

Ցերեկն այդ ծովային կենդանիներն անցկացնում են ավազների վրա, իսկ գիշերը դուրս են գալիս որսի: Երբ ձուկն անցնում է իրենց կողքով, խխունջներն անմիջապես «եռաժանի» են նետում զոհի վրա` թույն ներարկելով վերջինին:

Գիտնականները փորձարկումների արդյունքում պարզել են, որ խխունջների թույնի կիրառման ժամանակ ցավազրկող ազդեցությունը 3 օր պահպանվում է, ինչը նշանակում է, որ այն կարող է նոր ցավազրկող դեղամիջոցի հումք հանդիսանալ ծանր հիվանդների համար:

 

 

 

 

Գիտնականները մորֆիին փոխարինող ցավազրկող միջոց են հայտնաբերել, որը կախվածություն չի առաջացնում