Սիրիայում հակամարտությունը չի կարող լուծվել միայն ռազմական միջոցներով. ՌԴ ԱԳՆ

12:33 • 21.02.17

Միայն ռազմական միջոցները թույլ չեն տա հասնել Սիրիայում հակամարտության դադարեցման: Նման կարծիք է հայտնել իսրայելական The Jerusalem Post թերթում հրապարակված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը։ Նա Իսրայելում է ահաբեկչության վտանգի հակազդեցության հարցերով երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների միջև խորհրդակցությունների շրջանակներում:


«Սիրիայում հակամարտությունը չի կարող լուծվել միայն ռազմական միջոցներով»,- ասել է Սիրոմոլոտովը: Նրա կարծիքով՝ «գլխավոր խնդիրներից մեկը Սիրիայում ահաբեկիչներից ընդդիմությանը զատելն է»:


Սիրոմոլոտովը նաև նշել է, որ երբ Սիրիայում զինված հակամարտությունն ավարտվի, Իրանի զինված ուժերի ստորաբաժանումները և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կհեռանան Արաբական Հանրապետւթյունից:


«Ես հասկանում եմ, որ Իսրայելը մտավախություն ունի, որ Սիրիայում գտնվող «Հեզբոլլահ»-ի և Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ստորաբաժանումները կմնան այնտեղ նաև պատերազմից հետո»,- նշել է նա հարցազրույցում: «Նրանք կգնան»,-հավելել է ՌԴ արտգործնախարարի տեղակալը: