Համացանցի օգտատերերը «հարձակվել» են Disney-ի մանկական խաղի վրա
Reddit կայքի օգտատերերը յուրահատուկ ֆլեշմոբ են սկսել, որի շրջանակում «կատակային հարձակում» են իրականացրել Disney ընկերության Club Penguin մանկական առցանց խաղի վրա:
Lenta.ru-ի հաղորդմամբ` պորտալում նույնիսկ ստեղծվել է արտառոց հարձակմանը նվիրված բաժին: Ֆլեշմոբի պայմանների համաձայն` Reddit-ի օգտատերերը պետք է գրանցվեն Club Penguin-ում և հնարավորինս արագ արգելափակվեն մանկական ծառայության կողմից: Արգելափակված լինելու համար բավական է, որպեսզի օգտատերն անպարկեշտ հաղորդագրություն ուղարկի խաղի ընդհանուր զրուցարան:
Արդյունքում պորտալի այցելուները սկսել են մրցել Club Penguin-ում հնարավորինս արագ արգելափակվելու հարցում. նրանց շրջանում սկսել են առաջնորդներ և նույնիսկ ռեկորդակիրներ ի հայտ գալ:
Նշվում է, որ Club Penguin-ն առցանց խաղ է 6-15 տարեկան երեխաների համար, որում խաղացողները մասնակցում են առցանց միջոցառումների, շփվում և մրցում ներքին մինի-խաղերում:










