Amnesty International-ն իր ամենամյա զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին

10:32 • 22.02.17

Հայաստանում անցած տարին նշանավորվել է տնտեսական և քաղաքական անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում ապրիլյան լայնամասշտաբ ռազմական առճակատման հետ կապված անվտանգության վերաբերյալ աճող մտավախություններով: Այդ մասին ասված է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2016/2017 թվականների զեկույցում:


Իրավապաշտպան կազմակերպության զեկույցը ֆիքսել է 2016 թվականի ընթացքում մարդու իրավունքների խախտումներն աշխարհի 159 երկրներում՝ այդ թվում Հայաստանում:


Ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին վերաբերող հատվածում՝ սեպտեմբերի 8-ին հրաժարական է տվել երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ բացատրելով իր քայլը նրանով, որ կառավարությունը չի հաղթահարել տնտեսական և քաղաքական դժվարությունները, ինչից հետո նշանակվել է նոր վարչապետ:


Զեկույցը նշում է, որ հուլիսին ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել Երևանում հիմնականում խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ: Իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին և ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության անհամաչափ գործողություններին: Հարյուրավոր մարդիկ կամայականորեն ձերբակալվել են: Շատերը հայտնել են, որ ստացել են վնասվածքներ, ծեծի են ենթարկվել կամ ենթարկվել են դաժան վերաբերմունքի ձերբակալության ժամանակ: Իրավապաշտպան կազմակեպությունն անդրադարձել է հուլիսյան իրադարձություններից հետո տեղի ունեցած կամայական ձերբակալություններին:


Իրավապաշտպանները նշել են, որ վերջին տարվա ընթացքում ևս բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվել խոշտանգումների և ոստիկանությունում և կալանքի պահման վայրերում դաժան վերաբերմունքի մասին: Իրավապաշտպանները նշել են ակտիվիստ Վարդգես Գասպարիի, ինչպես նաև հուլիսյան իրադարձությունների ժամանակ որոշ ակտիվիստների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները:


Իրավապաշտպան կազմակերպությունը նաև նշել է հղիության ընդհատումների մասին օրենքում արված փոփոխությունները, որով արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը 12-22 շաբաթների ընթացքում: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ կազմակերպություններ մտավախություններ են հայտնել, որ որոշում կայացնելու համար սահմանված եռօրյա ժամկետը կարող է բերել կոռուպցիայի, վտանգավոր ընդհատումների և որպես հետևանք՝ մայրական մահացության աճի:


Իրավապաշտպանների խոսքերով՝ 2016 թվականին պետությունները և զինված խմբավորումները մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են գրանցել, և միլիոնավոր մարդկանց համար այդ տարին դարձել է մշտական տառապանքների տարի: Իսկ 2017 թվականի սկզբին աշխարհն անկայուն է թվում, նշում են իրավապաշտպանները: Գնահատելով իրավիճակը 159 պետություններում՝ նրանք եկել են եզրակացության, որ աշխարհում տեղի է ունենում մարդու իրավունքների գլխավոր իրավունքների և ազատությունների հետապնդում: Ընդ որում՝ հիմնական վտանգի տակ է բոլոր մարդկանց իրավունքների հավասարության սկզբունքը: