Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա կարմիր գույնի ջուր լցրած ուսանողը և նրա ընկերը դատարանի առջև են կանգնելու

23:00 • 22.02.17

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Փարիզի Դեկարտի անվան համալսարանում Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլի ելույթի ժամանակ հայ ուսանողը կարմիր ջուր է լցրել նրա վրա՝ ի պատասխան նրա պրոպագանդիստական դասախոսության․ արդեն երկու տարի է՝ նրա և նրա արարքը նկարահանող մեկ այլ հայ երիտասարդի դեմ այդ փաստով դատական գործի քննությունը շարունակվում է: Այս մասին Tert.am-ին պատմեց հայ երիտասարդներին աջակցող խմբի անդամ Եղիշե Կորիզյանը՝ հիշատակելով երիտասարդների միայն մականունները․ջուր նետողը Դատն է, իսկ նկարահանողը՝ Դրոն:

«Զատիկի շրջան էր: Կարմիր ջուրը, որով Սուրբ Հարության տոնի առթիվ հավկիթներն են ներկում, դեսպանի վրա նետեց նա՝ գոռալով՝ արդարություն հայ ազգի համար, Թուրքիան ֆաշիստ երկիր է: Այդ երիտասարդին ձերբակալեցին երկու օրով»,- պատմեց նա՝ նշելով, որ, կարծես թե, դրանով միջադեպի ելքը պետք է որոշվեր, սակայն ամիսներ անց Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը գործ հարուցեց ջուր նետողի և այդ արարքը նկարահանող երիտասարդների դեմ:

Եղիշե Կորիզյանի խոսքով՝ երիտասարդների գործով զբաղվում է Ֆրանսիայի լավագույն փաստաբաններից մեկը: «Փաստաբանը մեզ ասել էր, որ Ֆրանսիայի ղեկավարությունը դատը չպետք է շարունակի, քաղաքական առումով լավ չէ, քանի որ հնարավոր է, որ հայերը նեղվեն: Անհասկանալի է, բայց Ֆրանսիան երկարացրեց դատավարությունը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ երիտասարդներին սպասվում է կամ վարչական տուգանք,կամ մինչև երեք տարվա ազատազրկում: «Մենք չենք կարծում, որ երիտասարդների դեմ պատիժ կկիրառվի: Մենք վստահ ենք, որ նրանց բան չեն անի: Վերջիվերջո, այդ երիտասարդը միայն ջուր է նետել դեսպանի վրա, չի վնասել նրան»,- ասաց նա:

Եղիշե Կորիզյանի խոսքով՝ հայ երիտասարդներին իրենց աջակցության մասին են հայտարարել բազմաթիվ թուրքեր, քուրդեր, ալևիներ, իրավապաշտպաններ: «Արսեն Շաքարյանը ևս, որ Միսաք Մանուշյանի խմբի մեջ էր պատերազմի ժամանակ, իր ստորագրությամբ միացել է երիտասարդներին աջակցելու հայտարարության տակ»:

Նշենք, որ հայ երկու երիտասարդների դատական նիստը կկայանա 2017 թվականի մարտի 7-ին: