Դատապարտյալների հետ մարմնավաճառների տեսակցություններ կազմակերպած ՔԿՀ պաշտոնյաները դատապարտվել են

16:38 • 22.02.17

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների հետ մարմնավաճառների տեսակցության գործով դատավճիռը:

Նշենք, որ Կարապետ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնում, ՔԿՀ պետի բանավոր հրամանով փաստացի իրականացնելով կալանավորված անձանց և դատապարտյալների տեսակցությունների թույլատրման գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը չարաշահելով` էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

ՀՀ դատական տեղեկատվական դեպարտամենտից Tert.am-ը տեղեկացավ, որ ՔԿՀ աշխատակից Կարապետ Մկրտչյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Գործով մյուս մեղադրյալ Խաչիկ Խաչատրյանը, ով զբաղեցրել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի պաշտոնը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, դատապարտվել է 1 տարի ազատազրկման, սակայն նրա նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ նշանակվել է 2 տարի փորձաշրջան:

Կարապետ Մկրտչյանին և Խաչիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը: