ՌԴ քաղաքացիները փետրվարի 23-ից Հայաստան կարող են մտնել ներքին անձնագրերով

17:32 • 22.02.17

Ռուսաստան Դաշնության քաղաքացիները փետրվարի 23-ից Հայաստան մուտք կգործեն ներքին անձնագրերով: 

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Վաղվանից Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով»,- հայտնել է նա:

ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ին հաստատել էր ներքին անձնագրերով Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել էր, որ այն երկրների քաղաքացիների անձնագրերում, որոնց հետ Հայաստանն արդեն ունի կամ պատրաստվում է ունենալ ներքին անձնագրերով մուտքը թույլատրելու մասին համաձայնություն, մուտքի մասին որևէ նշում չի արվի, որպեսզի այդ անձնագրերը չկորցնեն ուժը: