Նախատեսվում է խաղաղ ժամանակ զինվորներին ծխախոտ չտրամադրել. հարցը ներառված է կառավարության օրակարգում
ՀՀ պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի համար խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Հարցը քննարկվելու և հաստատվելու է փետրվարի 23-ի կառավարության նիստի օրակարգում:
«Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թ.-ի մայիսի 21-ին Ժնևում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաև ՀՀ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից:
Միաժամանակ հաշվի է առնվում վերջին տարիներին ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է:
Նախագծով առաջարկվող փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներից հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը»,- ասված է հիմնավորման մեջ:










