«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը Ռաքքայի արևելքում առաջացել է դեպի Եփրատ գետի ափ
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը, որը բաղկացած է Սիրիայի ընդդիմադիր քրդական և արաբական ուժերից, հայտարարել է երկրի հյուսիսում մինչև Եփրատ գետ առաջանալու մասին: Այս մասին գրում է «Էվրենսել» պարբերականը:
Նշվում է, որ սիրիական Ռաքքայի արևելքում խմբավորումը լուրջ առաջընթաց է գրանցել և տեղավորվել Եփրատի ափերին, ինչը նրանց թույլ կտա անհրաժեշտության դեպքում շրջափակել տարածքի զգալի մասը:
Օրեր առաջ էլ թուրքական մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի՝ օրերս թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այդպես էլ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել սիրիական Ռաքքայում իրականացվելիք ռազմական գործողության համատեղ պլանի շուրջ:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը շեշտել է, որ Թուրքիան խիստ անհանգստացած է սիրիական Ռաքքայի ազատագրման հարցում «սխալ դերակատարների» ընտրման խնդրով:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։










