Թաիլանդում զբոսաշրջիկն ընկել է հյուրանոցի 9-րդ հարկից ու միայն ձեռքը կոտրել (լուսանկարներ)

08:45 • 22.02.17

Թաիլանդական Պատայա կղզում Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկը ցած է ընկել հյուրանոցի 9-րդ հարկից ու հաջողացրել ողջ մնալ, հայտնում է Phuket Gazette-ը:


Դատելով տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերից՝ 53-ամյա Բերնարդ Շարթլը կանխամտածված է նետվել հյուրանոցի տանիքից, որտեղ գտնվում է բարը:


Հետաքրքրական է, որ միջադեպի հետևանքով գերմանացին ընդամենը ձեռքն է կոտրել:


Զբոսաշրջիկի անկումը մեղմել է հյուրանոցին կից կառուցված սրճարանի տանիքը: Շարթլն ընկել է տանիքին ու, դրա միջով անցնելով, հայտնվել հատակին:


Հյուրանոցի աշխատակազմը պատմել է, որ գերմանացին եկած օրվանից զբաղվել է հարբեցողությամբ:


Ներկայում տուժածը հոսպիտալացված է: