ԱՄՆ Ազատության արձանի վրա փախստականներին ողջունող պաստառ է փակցվել

10:12 • 22.02.17

Միացյալ Նահանգների ամենահայտնի խորհրդանիշներից մեկի՝ Ազատության արձանի վրա փախստականներին ողջունող պաստառ է փակցվել՝ «Բարի գալուստ, փախստականներ» գրությամբ:


Ինչպես նշում է nbcnewyork.com կայքը, մի քանի մետր բարձրությամբ և լայնությամբ պաստառը փակցվել է արձանի պատվանդանին: Սակայն ավելի ուշ իրավապահներն այն իջեցրել են, քանի որ ԱՄՆ-ում արգելված է ազգային հուշարձաններին որևէ բան փակցնելը:


Արարքի պատասխանատվությունը ստանձնած անձը պատմել է, որ ինքը ևս փախստականների ժառանգ է:


«Չկա մի ամերիկացի, որ փախստականների և ներգաղթյալների հետ առնչություն չունենա: Ուստի՝ այս խնդիրը վերաբերում է բոլորին: Մենք ցանկանում էինք հիշեցնել Ամերիկային, որ ներգաղթյալների կառուցած այս երկիրն աշխարհում ազատության փարոսն է: Տարբեր երկրներից ու կրոններից մեկուսանալը հակասում է մեր արժեքներին»,-ասել է տղամարդը:


Նշենեք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իշխանության գալուց հետո սկսել է զգալի կոշտ քաղաքականություն վարել ներգաղթյալների ու փախստականների նկատմամբ, ինչը բողոքի ու քննադատության մեծ ալիք է բարձրացրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև՝ տարբեր երկրներում: