Համացանցում Galaxy S8 Plus ֆաբլետի մասին մանրամասներ են հայտնվել
Համացանցում հայտնվել են Samsung - Galaxy S8 Plus ֆաբլետի (ֆաբլետը համատեղում է սմարթֆոնի և մինի պլանշետի հատկանիշները) մասին մանրամասներ։ Սարքի շնորհանդեսը սպասվում է սույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին:
Սարքի վերաբերյալ մանրամասները Twitter-ում հրապարակել է ընկերության ներքին նորություններին տեղյակ Էվան Բլասը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` նորույթը մոտ 16 սանտիմետր անկյունագծով կլորացված անկյուններով Quad HD+Super AMOLED էկրան կունենա, ինչպես նաև` 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն:
Նշվում է, որ սմարթֆոնը հագեցած կլինի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկով և Dual Pixel տեխնոլոգիայով:
Հայտնի է դարձել, որ սմարթֆոնում առկա կլինի աչքի ծիածանաթաղանթի ճանաչման սքաներ, ինչպես նաև` մարտկոցն անլար լիցքավորելու հնարավորություն և փոշուց ու հեղուկից պաշտպանություն, որը կհամապատասխանի IP68 ստանդարտին:
Korrespondent-ը գրում է, որ հիմնվելով այդ տեղեկությունների վրա՝ կարելի է ենթադրել, որ նորույթի հիմնական տարբերությունը Samsung Galaxy S8-ից կլինի էկրանի մեծ անկյունագիծը:











