«Այո... չէ, չէ, ներողություն, հրաման չեն տվել, որ հարձակվենք ժողովրդի վրա». Արարատ Խանդոյանի գործով տուժած ոստիկանի ցուցմունքը (տեսանյութ)

13:27 • 23.02.17

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատավարությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Դատական նիստին ցուցմունք տվեց գործով տուժող  ոստիկանության ներքին զորքերի 1032  զորամասի ծառայող Արա Քիշմիրյանը:

Վերջինս  պատմեց, որ ամբաստանյալին չի ճանաչում, ոտքի վնասվածք է ստացել  բախումների ընթացքում և գտնվել է ոստիկանության շղթայի երկրորդ շարքում.«Մածունի բանկայով խփեցին ոտքիս, բայց չիմացա ով էր»:

Դատախազի հարցին, թե 1032 զորամասից այլ ոստիկաններ վնասվածքներ ստացե՞լ են, տուժողն ասաց.«Ոչ, չեն եղել»:

Դատախազի դիտարկմանը, թե նույն զորամասի այլ ոստիկաններ հայտնել են, որ տուժել են բախումներից,  հիմա ինքը այդ մասին չի իմացե՞լ, թե՞ վնասվածք ստացող չի եղել, տուժողն ասաց.«Չեմ իմանում, հնարավոր է իմ վնասվածք ստանալուց հետո են ստացել»:

Ոստիկան նշեց, որ իրենք փակել են ճանապարհը, որպեսզի ժողովուրդը չանցնի վտանգավոր գոտի:

Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի հարցին,թե ինչո՞վ էր վտանգավոր այդ գոտին,ոստիկանն ասաց.«Բախումներ չիրականացնելու համար»:

Իր ցուցմունքում ոստիկանը նաև նշեց, որ բախումներից  10-15 րոպե առաջ հատուկ միջոցներ են կիրառվել:

Արարատ Խանդոյանի դիտարկմանը,թե ոստիկանն ասաց, որ բախումից առաջ են հատուկ միջոցներ կիրառվել, ոստիկանն ասաց.«Ներողություն սխալ ասացի, բախումից հետո են հատուկ միջոցներ կիրառվել»:

Խանդոյանի հաջորդ հարցին, թե հրամանով են հարձակվել ժողովրդի վրա, տուժողն ասաց.«Այո... չէ, չէ, ներողություն, հրաման չեն տվել, որ հարձակվենք ժողովրդի վրա, հրաման են տվել, որ ճանապարհը փակենք, որ ժողովուրդը չանցնի»:

Հարցը հստակեցրեց դատավորը՝ հրաման եղե՞լ է հարձակվելու, թե՞ ոչ, Քիշմիրյանն ասաց.«Նման հրաման չի եղել»:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով: