Դատարան շտապօգնություն էր հրավիրվել Արարատ Խանդոյանին բուժօգնություն ցուցաբերելու համար. դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

17:46 • 23.02.17

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատավարությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Դատարանն ասաց, որ բոլոր տուժողների ներկայությունն ապահովել հնարավոր չէ, իսկ մեղադրող դատախազը միջնորդեց փոխել հերթականությունն ու անցնել ապացույցների հետազոտման փուլին, որպեսզի դատական նիստերն էլ անհարկի չհետաձգվեն։

Պաշտպանական կողմը դեմ էր միջնորդությանը, իսկ Արարատ Խանդոյանը բացարկ հայտնեց դատավորին և մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանին:

Դատարանը երկու ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց դատավորի բացարկի միջնորդությունը, իսկ Արարատ Խանդոյանը հրաժարվեց դատախազի դեմ առանձին միջնորդություն ներկայացնելուց:

Դատավորի որոշումից հետո, թե բացարկի միջնորդություն անհիմն է, ինչից ելնելով էլ դատարանը մերժում է այն, հայտարարությամբ հանդես եկավ Արարատ Խանդոյանը. «Հայաստանը շատ լավ պետություն է, բայց դատական համակարգը տակն ու վրա են արել Ձեր նման դատավորներն ու դատախազները»:

Դատավորն ընդհատեց Խանդոյանին և հորդորեց նստել, սակայն Խանդոյանը պատասխանեց. «Ես հայտարարությունս չեմ վերջացրել»։

Նիստը նախագահող դատավորը դատական սանկցիա կիրառեց Արարատ Խանդոյանի նկատմամբ. «Հաշվի առնելով, որ Խանդոյանը խախտում է կարգը, դատարանը որոշում է դատական սանկցիա կիրառել նախազգուշացման տեսքով: Եթե շարունակի նույն կերպ վարք դրսևորել, ապա կհեռացվի նիստերի դահլիճից»:

Խանդոյանն արձագանքեց, որ դատարանի կիրառած սանկցիան էլ է անօրինական:

Դատավորը հայտնեց, որ ժամը 17:00-ին դատական նիստը պետք է ավարտեն, իսկ այդ ընթացքում ապացույցների հետազոտում իրականացնելը հնարավոր չէ, բացի այդ ամբաստանյալի համար շտապօգնություն են հրավիրել բուժօգնություն ցուցաբերելու համար:

Դատարանըորոշեց հետաձգել դատական նիստը, հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 9-ին, ժամը 12-ին։

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

Մանրամասները՝ տեսանյութում: