Ավստրիան կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սեբաստյան Կուրց

12:52 • 23.02.17

Ավստրիան կաջակցի ջանքերին, որոնք ուղղված կլինեն հակամարտությունների՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի և Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթաց գրանցելուն: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստյան Կուրցը, հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը: 


«Ավստրիան կաջակցի ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների՝ մասնավորապես Վրաստանում, Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու բոլոր փորձերին»,- ասել է Կուրցը:


Նա նշել է, որ Ավստրիան ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը «կրիտիկական ժամանակաշրջանում»: «Ուր նայում ենք՝ խաղաղության և անվտանգության լուրջ սպառնալիքներ են»,- հավելել է նա:


Արտգործնախարարը նշել է, որ Ավստրիայի նախագահությունը կփորձի նպաստել գոյություն ունեցող հակամարտությունների լարվածության լիցքաթափմանը, հարթակ ստեղծել ծայրահեղականության դեմ պայքարի հարցում պետություններին աջակցելու համար և օգնել վերակառուցել վստահությունը ԵԱՀԿ պետությունների միջև:


Նրա խոսքով՝ բազմակողմանի համագործակցությունը միակ ճանապարհն է խաղաղության, անվտանգության և կայունության ձեռքբերման համար, և դրան այլընտրանք չկա: