Ավստրիայի կանցլերն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կործանիչների հետ կապված Airbus-ի հետ գործարքի պատճառով

17:04 • 23.02.17

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Eurofighter կործանիչների հարցով Airbus ընկերության հետ գործարքի վերաբերյալ իրավիճակը քննարկելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դաշնային գերատեսչության մամուլի ծառայությանը:


«Կանցլեր Քրիստիան Քերնը պաշտպանության նախարար Հանս-Պետեր Դոսկոցիլի խնդրանքով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ օդային երթևեկության կառավարման հարցով: Հստակ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ»,- ասված է հաղորդագրությունում:


Ինչպես սպասվում է՝ նիստի շրջանակում Պաշտպանության նախարարությունը խորհրդի անդամներին կբացատրի Ավստրիան ընդդեմ Airbus Defence and Space GmbH և Eurofighter Jagdflugzeug GmbH ընկերությունների քրեական գործի հանգամանքները: Ընկերությունները, ավստրիական իշխանությունների կարծիքով, թաքցրել են կործանիչների իրական արժեքը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ավստրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կպահանջի Airbus եվրոպական ավիաշինական կոնցեռնին պատասխանատվության կանչել, քանի որ կարծում է, որ ընկերությունն արհեստականորեն բարձրացրել է գինը Eurofighter 18 կործանիչների համար, որոնք ձեռք են բերել երկրի զինված ուժերը: Բողոքում ընկերությունը հայտնում է ինքնաթիռների գների որոշման ժամանակ ընկերության «անազնիվ պահվածքի» մասին: 


Ավստրիայի պաշտպանության նախարարության դժգոհության պատճառ դարձած գործարքը կնքվել է դեռ 2003 թվականին: Կողմերը պայմանավորվել են Ավստրիային 18 կործանիչի վաճառքի մասին: Սպասվում էր, որ Ավստրիան դրանց դիմաց կվճարի 2 միլիարդ եվրո, սակայն հետագայում պայմանագրի պայմանները վերանայվել են, և Ավստրիան կրճատել է պատվերը մինչև 15 կործանիչ, որոնց ընդհանուր արժեքը նվազել է մինչև 1,7 միլիարդ եվրո: 2012 թվականին երկրի իշխանությունների մոտ կասկածներ են հայտնվել, որ գործարքում կարող էր առկա լինել կոռուպցիոն բաղադրիչ: