Ոնց որ սրտով, ցանկանալով չեք հանում տուգանքների տույժերը. վարչապետը՝ փոխոստիկանապետին

12:36 • 23.02.17

ՀՀ Կառավարության նիստին Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը  կառավարության հաստատմանը ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը, որոնք ուղղված են ոլորտում  բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում է իրականացնելուն: Փոխոստիկանապետն ասաց, որ բոլոր ջանքերը միտված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը:

Վարչապետը հարցրեց , թե մեր քաղաքացիների համարն ի՞նչն է փոխվել: «Պարոն վարչապետ նախ թեթևացնում ենք վարչական բեռը: Բավական դյուրինացնում ենք այն բոլոր փողոցային երթևեկության կանոնները, որտեղ դա հնարավոր է իրականացնել, տրանսպորտային հոսքերն ենք ավելի հստակ վերահսկում»,- պատասխանեց Եղիազարյանը և մասնավորեցրեց, որ նախկին տուգանքների վրա, երբ 50 տոկոս տույժի ավելացում կար, դա նվազեցվում է` 25 տոկոս է դառնում:

«Նվազեցնում ենք, թե՞ հանում ենք»,- հետաքրքրվեց վարչապետը և Վարդան Եղիազարյանը հաստատեց, որ նվազեցնում են: «Էս մեր քաղաքացիներին էդ ա հետաքրքրում, որ դուք տուգանքների տույժերը հանում եք»,- ասաց Կարեն Կարապետյանը: Այնուհետև փոխոստիկանապետը նորից պնդեց, ոչ թե հանում են, այլ նվազեցնում են. որից հետո վարչապետը նորից կրկնեց հարցը՝ հիմա նվազեցնում եք, թե՞ հանում եք: Վարդան Եղիազարյանը թերթեց ձեռքի թղթերն ու ասաց. «Հա, հանում ենք, պարոն վարչապետ»։

Դրանից հետո Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Ոնց որ սրտով չեք հանում, ցանկանալով չեք հանում: Պարոն Եղիազարյան, ոնց որ ընենց զոռով եք էս բերել»: