Բելառուսը լիարժեք չի կատարում ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները. ԵԱՏՄ դատարան
Եվրասիական տնտեսական միության դատարանը վճռել է, որ Բելառուսը լիարժեք չի կատարում ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են ապրանքների ազատ տեղաշարժի և Մաքսային միության գործունեության ապահովմանը: Այդ մասին ասված է դատարանի պաշտոնական կայքում հրապարակված վճռում, գրում է ТАСС-ը:
Ինչպես նշվում է հայտարարությունում, դատարանը վճռել է մասամբ բավարարել Ռուսաստանի Դաշնության հայցը և հաստատել, որ Բելառուսը ոչ լիարժեք ծավալով է կատարել 2014 թվականի մայիսի 29-ին կնքված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 1, 3, 4, 25 հոդվածների դրույթները, որոնք վերաբերում են ապրանքների ազատ տեղաշարժին, անցումային փուլերի ավարտից հետո առանց առգրավումների և սահմանափակումների Մաքսային միության գործունեության, միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորման ձգտմանը:
Դատարանի քարտուղարությունում չեն մեկնաբանել ընդունված որոշման մանրամասները և չեն հստակեցրել, թե ինչ ֆինանսական պարտավորություններ է այն կրում բելառուսական կողմի համար:
«Դատարանը չի մեկնաբանում իր որոշումը, այն մանրամասն կշարադրվի ավելի ուշ մեր կայքում»,- ասել է քարտուղարության նախագահ Վալերի Յուրչենկոն:
Բելառուսի ներկայացուցիչները նույնպես մեկնաբանություններ չեն տվել:










