ԵԽ պատգամավորները ԵՄ տարածքում անձեռնմխելի են. Հայաստանում Չեխիայի դեսպանը՝ Ադրբեջանին
Չեխիայի քաղաքացիները երկրի ղեկավարության կողմից հանձման ենթակա չեն․Tert.am-ին այսպես է պատասխանել Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Միկիսկան՝ անդրադառնալով Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը, թե հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղ այցելած Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ:
«Մենք տեղեկացվել ենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալության միջազգային լիազորագիր է տվել Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինի (Չեխիա) համար՝ կապված Լեռնային Ղարաբաղ նրանց «անօրինական» այցի հետ: Դրա հետ կապված ուզում ենք ընդգծել, որ Չեխիայի Հանրապետության քաղաքացիներն իշխանությունների կողմից հանձնման ենթակա չեն»,- նշել է դեսպանը՝ վկայակոչելով Օրենսդիր մարմինների անդամներին վերաբերող Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խարտիայի 14, Չեխիայի հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածները։
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի անդամները, գտնվելով Եվրամիության անդամ պետությունների տարածքում, պատգամավորական անձեռնմխելիություն ունեն։
Խոսելով արդեն երրորդ երկրից տարածքում հնարավոր ձերբակալության մասին՝ նա նշել է, որ կարծում են, որ ձերբակալության միջազգային լիազորագիրը հնարավոր նախադեպ է ստեղծում, որը պետք է մանրամասն ուսումնասիրվի:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Էլդար Սուլթանովը APA լրատվական գործակալությանը հայտնել է, որ միջազգային հետախուզում է հայտարարվել Եվրախորհրդարանի երեք անդամների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ՝ Արցախում սահմանադրական հանրաքվեն վերահսկելու համար:










