Dragon տիեզերանավը մեկ օր ուշացումով միացել է Միջազգային տիեզերակայանին

18:16 • 23.02.17

Օրեր առաջ SpaceX ամերիկյան ընկերության կողմից Falcon 9 հրթիռակրի հետ միասին արձակված Dragon բեռնատար տիեզերանավը նախատեսված ժամկետից մեկ օր ուշացումով ժամանել է Միջազգային տիեզերակայան:

Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է ՆԱՍԱ-ի կայքում: Տիեզերանավը միջազգային կայանին է միացել երևանյան ժամանակով 14:44-ին:

Սկզբնապես միացումը նախատեսված էր հասցնել փետրվարի 22-ին, սակայն գործընթացը հետաձգվել է տիեզերանավի համակարգչում առկա սխալ նշումների պատճառով:

Փետրվարի 19-ին Falcon 9 հրթիռակիրը Dragon տիեզերանավի հետ միասին ուղեծիր է արձակվել Ֆլորիդայի կայանից: Բեռնատարը Միջազգային տիեզերակայանում ուսումնասիրություններ կատարելու համար անհրաժեշտ նյութեր է տարել:

SpaceX ընկերությունը, որն արտադրում է Falcon 9 հրթիռակիրներն ու Dragon տիեզերանավերը, առաջին ընկերությունն է, որը բեռներ է փոխադրում Միջազգային տիեզերակայան ՆԱՍԱ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն:

 

  

 

Dragon տիեզերանավը մեկ օր ուշացումով միացել է Միջազգային տիեզերակայանին