Թրամփի վերանայված ներգաղթային հրամանագրի հրապարակումը հետաձգվել է մինչև մյուս շաբաթ. Associated Press
Սպիտակ տունը հետաձգում է նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության վերանայված հրամանագրի հրապարակումը մինչև հաջորդ շաբաթ, հայտնում է Associated Press գործակալությունը:
Թրամփը նշել էր, որ իր վարչակազմը կհրապարակի նոր հրամանն այս շաբաթ, բայց Սպիտակ տան պաշտոնյան, որը խոսել է անանունության սկզբունքով, հայտնել է լրատվամիջոցներին, որ դա հետաձգվել է:
Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն փախստականների ընդունման բոլոր ծրագրերը դադարեցվում են 120 օրով, իսկ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի` Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է 90 օրով։ Այս որոշումն արգելափակվել էր դատարաններում: Նախագահի հրահանգը քաոս էր առաջացրել երկրի օդանավակայաններում, իսկ երկրի ամբողջ տարածքում բողոքի ցույցեր էին տեղի ունեցել:
Սպիտակ տունը հայտնել էր, որ կվերանայի հրամանագիրը՝ փորձելով ուղղել առաջացած իրավական խնդիրները:










