ՌԴ-ն փորձում է երկու ձեռքով միաժամանակ 4 ճամպրուկ բռնել, բայց ԼՂ կարգավորումն իր համար արդիականությունը չի կորցնում. Դվորնիկով

22:38 • 24.02.17

 

Ստեփանակերտն օրեցօր ձևափոխվում է: Այն դարձել է տարածաշրջանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը՝ նշելով, որ Արցախի կատարելագործմանը ղարաբաղյան հակամարտությունը չպետք է խանգարի:

Հարցին՝ մենք մոտենո՞ւմ ենք ԼՂ հակամարտության կարգավորմանը, թե՞ հեռանում ենք դրանից, Դվորնիկովը պատասխանեց, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ իրեն փակուղի է մտցրել, ուստի հիմնահարցի կարգավորումը դժվարացել է: «Ադրբեջանը ոչ մտածված, ոչ բանական քայլեր է անում: Քրեական գործ է հարուցում, օրինակ, Արցախ այցելողների նկատմամբ: Իսկ սա անկյուն է մղում ադրբեջանական կողմին»,- նշեց Դենիս Դվորնիկովը:

Հարցին՝ ի՞նչ արդյունքներ գրանցեց ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին, ի դեպ, հաջորդելու է Մամեդյարով-Լավրով հանդիպումը, վերլուծաբանը պատասխանեց, թե երկկողմ հանդիպումները պարբերական բնույթ ունեն:

«Կարծում եմ՝ անհրաժեշտ էր թարմացնել բանակցային գործընթացը: Ինձ դուր եկավ հանդիպումից հետո երկու նախարարների հրավիրած մամուլի ասուլիսը: Էդվարդ Նալբանդյանը շատ մանրամասն խոսեց այն անընդունելի իրավիճակի մասին, որը ստեղծվել է Ադրբեջանի ագրեսիայի պատճառով»,- նշեց Դ. Դվորնիկովը:

Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք չկա, վերլուծաբանը պատասխանեց. «Ռուսաստանի համար հիմա շատ կարևոր է պահպանել բոլոր միջազգային ձևաչափերը, որոնք կապված են Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի հետ, այնպես որ շատ կարևոր է Ռուսաստանի համար այս դժվարին իրավիճակում պահպանել նորմալ աշխատանքային գործընթացը: Կարևոր է հարցին նայել ոչ թե նեղ տեսանկյունից, հայակենտրոնությունից, այլ հասկանալ, որ Ռուսաստանը շատ բարդ վիճակում է, ուստի անխուսափելի են որոշակի ռեվերանսները արևմտյան գործընկերներին: Բանակցային այս գործընթացը Ռուսաստանի շատ քիչ հնարավորություններից մեկն է հավասարը հավասարին, հանգիստ, նորմալ աշխատանքային մթնոլորտում աշխատել արևմտյան գործընկերների հետ: Սա երևի քիչ հարթակներից է, որտեղ Ռուսաստանը աշխատում է Արևմուտքի հետ և որտեղ Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները ամբողջովին համընկնում են՝ առաջին հերթին այն հարցի շուրջ, որ հիմնախնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում»:

Դվորնիկովը շեշտեց, որ Ս. Լավրովը նաև այդ նույն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ավելորդ ռազմական հռետորությունը անընդունելի են: Իսկ Բաքուն, ըստ նրա, սկսել է չափից ավելի շատ կիրառել ուղղակի սպառնալիքները:

Դենիս Դվորնիկովը չհամաձայնեց նաև Հայաստանից հնչող այն տեսակետների հետ, թե Ռուսաստանի համար  ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկրորդական է դարձել: Միաժամանակ, վերլուծաբանն ասաց, որ ՌԴ-ի համար ավելացել են մի շարք այլ խնդիրներ ևս:

«Պատկերացրեք մի մարդու, որը փորձում է երկու ձեռքով միաժամանակ 4 ճամպրուկ բռնել: Կա ուկրաինական ճգնաժամը, որն ուղղակի սպառնալիք է: Այն շատ մոտ է, շատ վտանգավոր, և, փառք Աստծո, որ չկա ահաբեկչական պատերազմ: Եվ հետո, Ուկրաինայի կողմից բանակցողները, մեղմ ասած, միշտ չէ, որ ամենաադեկվատ մարդիկ են լինում: Նույնը կարելի է ասել նաև Սիրիայի խնդրի մասին, այստեղ ևս իրավիճակը շատ բարդ է: Բարդ խնդիր է նաև Թրամփի նոր վարչակազմի հետ հարաբերություններ կառուցելու հարցը, սա պահանջում է մեծ աշխատանք։ Ընդ որում՝ Միացյալ Նահանգներից գալիս են խիստ հակասական ազդակներ: Ղարաբաղյան հարցը չի կորցրել արդիականությունը, պարզապես ավելացել են ևս մի քանի շատ լուրջ խնդիրներ կամ հակամարտություններ: Եվ այդ ամենը պահանջում է ռեսուրսներ՝ մարդկային, մտավոր ռեսուրսներ»,- ընդգծեց Դվորնիկովը։