Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆիյոնը ցանկացել է հայերի ցանկությունների մասին իրեն տեղեկացնող պատասխանատու ունենալ․ նշանակվել է Արթուր Խանջյանը

21:09 • 24.02.17

Ֆրանսիայի նախագահի թեկնածու աջակողմյան Ֆրանսուա Ֆիյոնի քարոզարշավի տնօրեն Պատրիկ Ստեփանինին Ֆրանսիայում ապրող հայերի մտահոգություններն իմանալու համար պատասխանատու է նշանակել է Իսե լե Մուլինիոյի հայազգի փոխքաղաքապետ  Արթուր Խանջյանին: Այս մասին Tert.am-ին պատմեց հենց Արթուր Խանջյանը:

«Իրենք արդեն գիտեն, որ Ֆրանսիայում շատ կարևոր են հայերի ձայները, դրա համար էլ մտածեցին, որ քարոզարշավի ժամանակ հայ պատասխանատու ընտրեն, որ ներկայացնի հայերի մտահոգությունները, շահերն ու ցանկությունները: Նույնպես և պատասխանատուի միջոցով Ֆրանսիայի նախագահի թեկնածուի ծրագիրը պետք է փոխանցվի հայ համայնքին»,- ասաց Արթուր Խանջյանը:

Նա  պատմեց, որ Ֆրանսուա Ֆիյոնը ցանկություն ունի Ֆրանսիայի բոլոր մարզում ունենալ իր ցանկությունները ներկայացնողներ, ինչպես նաև՝ այդ մասի բնակիչների ցանկություններն իրեն փոխանցողներ:

«Արդեն ժողովի ժամանակ ես հայ համայնքի ցանկությունների մասին ուղղությունները տվեցի: Շատ զգույշ են այն ցանկությունների նկատմամբ, որոնք հայերը փափագում են իրականացված տեսնել: Ներկայացրի և՛ Հայոց ցեղասպանության մասին մեր ցանկությունները, և՛ Ֆրանսիայում հայկական մշակութային պաշտպանության հարցերը, և՛ Հայաստանի ու Ֆրանսիայի տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ քայլերը,  և, անշուշտ, խոսվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, փոխանցվեց նաև Միջին Արևելքի քրիստոնյաների, մասնավորապես հայերի մասին մեր մտահոգությունները »,- պատմեց նա:

Արթուր Խանջյանի խոսքով՝ իր խնդիրը պետք է լինի Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին հայերին հետաքրքրող ծրագրերը փոխանցելը: Չնայած որ ինքը Իսե լե Մուլինիոյի փոխքաղաքապետն է՝ նա միայն իր քաղաքի հայերի ցանկությունը չի փոխանցել նախագահի թեկնածուի քարոզարշավի ղեկավարին, այլ խոսել է Ֆրանսիայում ապրող բոլոր հայերի ցանկությունների մասին: Հատկանշական համարեց այն, որ Ֆրանսուա Ֆիյոնը ցանկանում է անպայման իմանալ հայերի շահերի մասին:

Նրա դիտարկմամբ՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածուները մշտապես գիտակցել են, որ ֆրանսահայերը աշխույժ են, գիտակ, խելացի, օրինակելի: «Հիմա արդեն 600 000 ֆրանսահայեր թեկնածուներից նաև պահանջում են, որ Ֆրանսիայի ապագա կառավարության մեջ ունենանք նաև մեր հայ ներկայացուցիչները»,- ասաց նա:

Արթուր Խանջյանի խոսքով՝ իրեն արված առաջարկության առավելությունը՝ դառնալ հայերի շահերի ներկայացնողը Ֆրանսուա Ֆիյոնին, այն է, որ առաջին անգամն է, որ նախագահի թեկնածուն պաշտոնապես իր շուրջն է հրավիրում ֆրանսահայի և պաշտոն է տալիս՝ իր համար տեղեկատվություն հավաքելու համար, թե համայնքը ինչ ցանկություններ ունի․ «որ կարողանա այն խոստումները, որ տարիներ առաջ այլ թեկնածուներ չեն իրականացնել, ինքն իրականացնի»,- ասաց նա: