Ավստրիայում դատում են փախստականի՝ Սիրիայում 20 մարդու սպանության համար

14:11 • 24.02.17

Ավստրիայի իշխանությունները Սիրիայից ապաստանի համար դիմած 27-ամյա փախստականին մեղադրել են «ահաբեկչության հիմքի վրա սպանություններ իրականացնելու համար»: Քննության վարկածով՝ Հոմսում մարտերից հետո մեղադրյալը սպանել է 20 անզեն կամ վիրավոր սիրիացու, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Նրա նկատմամբ դատը կայանալու է մարտի վերջին:


Der Standard թերթի տվյալներով՝ խոսքը քաղաքացիություն չունեցող պաղեստինցու մասին է, որը մեծացել է Հոմսում փախստականների ճամբարում:


Ավստրիական ԶԼՄ-ները գրում են, որ մեղադրյալն ինքն է պատմել փախստականների ավստրիական կենտրոնում իր հարևաններին, որ կռվել է «Սիրիական ազատ բանակ»-ի հետ կապված իսլամիստական խմբավորման շարքերում և սպանել կառավարական զորքերի զինվորներին:


Մեղադրյալի նկատմամբ հետաքննությունը սկսվել է դեռ անցած տարի, երբ իշխանություններին հայտնի է դարձել նրա անցյալը:


Մեղադրյալը չի ընդունում իր մեղքը: Փաստաբանները պնդում են, որ այդ ընթացքում նրանց պաշտպանյալը լուրջ հոգեբանական ապրումներ է ունեցել:


Չնայած մեղադրյալն Ավստրիայի քաղաքացի չէ և երկրի տարածքում հանցագործություններ չի կատարել, նրան Սիրիա արտահանձնելն անհնար է՝ այնտեղ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով:


Երկրի սահմաններից դուրս կատարած հանցագործությունների համար մեղադրյալի դեմ դատական գործընթաց սկսելու որոշումը հավանաբար Ավստրիայում կայացվել է առաջին անգամ: