Ամերիկուհին ցուցադրել է իր ծխացող iPhone 7 Plus-ը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի բնակչուհին Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է նրա ծխացող և հալչող iPhone 7 Plus-ը: 18-ամյա Բրիանա Օլիվասի խոսքով` դրանից առաջ սարքը պայթել է:
Բրիանան պատմել է, որ ինքը խնդիրներ է ունեցել սմարթֆոնի հետ. այն չի միացել, և աղջիկն այն տարել է Apple-ի խանութ: Խանութի աշխատակիցները զննել են հեռախոսը, և երբ այն միացել է, հայտնել են Բրիանային, որ սարքն աշխատում է և գտնվում է շատ լավ վիճակում: Հաջորդ օրը սարքը դուրս է եկել շարքից:
«Առավոտյան, երբ քնած եմ եղել, հեռախոսը դրված է եղել լիցքավորման՝ գլխիս մոտ: Ընկերս պատահաբար նկատել է, որ սարքից ծուխ է բարձրանում: Երբ նա վերցրել է հեռախոսը, այն արդեն վառվելիս է եղել: Նա արագ վերցրել է սարքն ու շպրտել բաղնիքում: Դրանից անմիջապես հետո պայթյուն է տեղի ունեցել, և ծուխը շատացել է», - պատմել է աղջիկը:
Apple-ը հայտնել է, որ պարզում է միջադեպի հանգամանքները: Ընկերության աշխատակիցներն անցկացնում են անհրաժեշտ թեստեր, որոնց արդյունքները հայտնի կդառնան մոտ մեկ շաբաթվա ընթացքում:












