Իրաքյան բանակի հրամանատարը հաստատել է Մոսուլի օդանավակայանի ազատագրման լուրը

13:47 • 24.02.17

Իրաքի բանակի հրամանատարությունը հաստատել է Մոսուլի օդանավակայանի ազատագրման մասին լուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նշենք, որ նախօրեին լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Իրաքի դաշնային ոստիկանության արագ արձագանքման ջոկատն ամբողջությամբ ազատագրել է Մոսուլի օդանավակայանը: 

«Ես կարող եմ հաստատել, որ օդանավակայանն ամբողջությամբ ազատագրված է», - շեշտել է իրաքյան բանակի գեներալներից Աբբաս ալ Ջուբուրին:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է ԻՊ-ի գրոհայիններից Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

ԻՊ խմբավորման ահաբեկիչներից արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է 2016 թվականի հոկտեմբերից ընթացող իրաքցի զինվորականների և ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի գործողության ընթացքում: Քաղաքի արևմտյան հատվածը դեռ մնում է գրոհայինների հսկողության տակ: