Լատվիայի ԱԳՆ-ն նոտա է ստացել ԱՄԷ-ից Ռիգայի օդանավակայանում դեսպանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո
Լատվիայի արտգործնախարարությունը նոտա է ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների նոր դեսպան Հանան Խալֆան Օբաիդ Ալի ալ-Մադանիի նկատմամբ մահմեդական ավանդույթների և դիվանագիտական անձեռնմխելիության հանդեպ անհարգալից վերաբերմունքի ցուցադրության համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լատվիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Ռիգայի օդանավակայանում: Նոտայում ասվում է, որ երբ դեսպանը ժամանել է Ռիգա, օդանավակայանի աշխատակիցները պահանջել են, որ նա հանի ավանդական մահմեդական հագուստը և հիջաբը:
«Դեսպանը նշել է, որ կարող է դա անել միայն կանանց ներկայությամբ և «առանց ավելորդ աչքերի»: Օդանավակայանի աշխատակիցները ոչ միայն նրան չեն տրամադրել նման հնարավորություն, այլև վիրավորական արտահայտություններ են արել»,- նշվում է փաստաթղթում:










