Արևելյան Լիբիայում քաղաքացիներին արգելել են հեռանալ տարածքից
Արևելյան Լիբիայի ինքնահռչակ կառավարությունն արգելել է 18-ից 45 տարեկան քաղաքացիներին հեռանալ շրջանից՝ առանց իշխանությունների թույլտվության: Ինքնավար շրջանի կառավարությունը բացատրում է այդ քայլն այն հանգամանքով, որ հեռացողներից շատերը հետագայում դառնում են ծայրահեղական խմբավորումների անդամներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արևելյան Լիբիան կառավարում է ինքնավար կառավարությունը 2013 թվականից ի վեր: Երկրի արևմտյան հատվածը գտնվում է այլ ղեկավարության հսկողության ներքո: Կառավարությունները միմյանց չեն ընդունում:
Մի քանի օր առաջ կառավարությունը կանանց արտասահման մեկնելու արգելք էր սահմանել՝ բացատրելով դա այն հանգամանքով, որ կանայք հաճախ շփվում են օտարերկրյա հետախուզության հետ, բայց որոշ ժամանակ անց հրամանագրի իրագործումը դադարեցվել է:
Այժմ արգելքը տարածվել է տղամարդկանց վրա: Շրջանի ղեկավարությունում աղբյուրը հայտարարել է, որ ըստ երևույթին՝ արգելքը ժամանակավոր կլինի:










