«Ջահելների հետ կապված ինչ-որ միջադեպ է եղել, սարքել են քաղաքական հարց». Մասիսի քաղաքապետը տեղի ունեցած միջադեպի մասին

13:42 • 24.02.17

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում երեկ երեկոյան բախում է տեղի ունեցել հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի և մեկ այլ ՀՀԿ-ական՝ Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև, ասաց, որ իր ունեցած տեղեկության համաձայն՝ երիտասարդների միջև վիճաբանություն է եղել: 

«Ասում են՝ ջահելների հետ կապված ինչ-որ միջադեպ է եղել, լուրջ բան չկա, որ սարքել են քաղաքական հարց»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանել են, որ միջադեպ գրանցվել է Մասիսի բաժնում, հետաքննություն է իրականացվում։ Իսկ Մուրադ Մուրադյանը չի հերքել, որ միջադեպ է տեղի ունեցել, սակայն նշել է, որ այդ ժամանակահատվածում Մասիսում չի եղել:

Մասիսի քաղաքապետը նշեց, որ չգիտի, թե ում միջև և կոնկրետ ինչ կոնֆլիկտ է եղել, սակայն կարծում է, որ ընտրությունների հետ ընդհանրապես կապ չունի: 

Ինչ վերաբերում է հարցին, թե ամեն դեպքում միջադեպը ՀՀԿ-ի վարկանիշի վրա չի՞ ազդի, քանի որ թեկնածուների անուններն են շրջանառվում, նա ասաց, որ իհարկե կազդի, թեև վստահեցրեց, որ իրենց մեջ որևէ լուրջ խնդիր չկա կապված ընտրությունների հետ: Հարցին, թե ովքեր են եղել այդ երիտասարդները, քաղաքապետը պատասխանեց, որ նման տեղեկատվություն չունի:

Դավիթ Համբարձումյանն ասաց նաև, որ դեռ չի խոսել թեկնածուների հետ և կոչ արեց սպասել իրավապահ մարմինների բացահայտումներին։