Թրամփի ընտանիքը համոզել է նրան հրաժարվել կլիմայի վերաբերյալ համաձայնագրից երկիրը դուրս բերելու գաղափարից. WSJ

12:32 • 24.02.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որը Սպիտակ տանը զբաղեցնում է ավագ խորհրդականի պաշտոնը, պնդել են, որ ԱՄՆ նախագահը հրաժարվի Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից երկիրը դուրս բերելու գաղափարից: Այդ մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:


Նախընտրական արշավի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագիրը և պատրաստվում էր հրամանագիր ստորագրել կլիմայի պահպանության վերաբերյալ միջազգային համաձայնագրից Միացյալ Նահանգները դուրս բերելու մասին: Նրա կարծիքով՝ բնապահպանության ոլորտում ԱՄՆ իշխանությունների քայլերը բացասաբար են անդրադարձել երկրի էներգետիկ ոլորտի վրա:


Թերթի տվյալներով՝ Քուշներները պնդել են, որ Թրամփը մոտ ժամանակներս սպասվող իր նախագահական հրամանագրից հեռացնի կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին ուղղված քննադատությունը:


Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը հրաժարվել է հաստատել Թրամփի ծրագրերի մասին տեղեկությունը: