Թուրք-իրանական հարաբերություններում ստեղծված լարվածությունը պայմանավորված է ուժային դերակատարմամբ. թուրքագետ (տեսանյութ)
Թուրք-իրանական հարաբերություններում կրկին լարվածության առաջացումը պայմանավորված է ուժային դերակատարության և ուժային վերաբաշխման գործոնով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Այն, ինչ այսօր կատարվում է թուրք-իրանական հարաբերություններում և այն լարվածությունը, որը կրկին առաջացել է, մեծ հաշվով պայմանավորված է ուժային դերակատարության և ուժային վերաբաշխման գործոնով: Սա նոր երևույթ չէ թուրք-իրանական հարաբերություններում, այն ռազմաքաղաքական առումով տեղավորվել է այդ տրամաբանության մեջ»,- ասաց թուրքագետը:
Հովսեփյանի խոսքով՝ չնայած վերջին տարիներին թուրք- իրանական հարաբերությունները, հատկապես, գործող իշխանության օրոք զարգանում են, սակայն դա պայմանավորված է մի քանի գործոնով. «Այդ գործոններից մեկը էներգետիկ առևտրատնտեսական համագործակցությունն է: Սրանով են պայմանավորված նաև այն գործընթացները, որ թուրք-իրանական հարաբերություններում եղած հակասությունները կողմերը միշտ փորձում են կոմպենսացնել ի հաշիվ առևտրատնտեսական ոլորտում ակտիվ համագործակցության»:
Լևոն Հովսեփյանն ասաց, որ վերջին տարիներին հատկապես մերձավոր արևելյան գործընթացների պարագայում թուրք-իրանական հակասությունները բավական ցայտուն են դրսևորվել, չնայած կողմերը սիրիական հակամարտության հետ կապված փորձել են ընդհանուր շահեր գտնել, մոտեցումներ ձևակերպել, որպեսզի խուսափել կոնֆրոնտացիոն հեռանկարներից, բայց դա չի հաջողվում. «Դա կողմերին չի հաջողվել և չի հաջողվելու, որովհետև տարածաշրջանում ընթանում է ուժային դերակատարության վերաբաշխման գործընթաց, իսկ Թուրքիան ու Իրանը՝ որպես ակտիվ դերակատարներ, փորձում են իրենց համար նոր դերակատարում ապահովել»:










