ԱՄՆ օդանավակայաններից մեկում մոտ 2 ժամ հարցաքննել են Մուհամեդ Ալիի որդուն

14:23 • 25.02.17

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի որդին ձերբակալվել է Ֆլորիդայի Ֆորտ-Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում: Ինչպես գրում է Miami New Times-ը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, երբ Մուհամեդ Ալի կրտսերը վերադառնալիս է եղել Ճամայկայից իր մոր հետ:


Տղամարդը ստիպված է եղել երկու ժամ զրուցել միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ, որոնք մասնավորապես նրան տվել են իր հավատքի մասին հարցեր (Ալի կրտսերը մահմեդական է): Նախկին դաշնային դատախազ և ընտանիքի ընկեր Քրիս Մանչինին նշել է, որ հայտնի բռնցքամարտիկի որդին քրեական անցյալ չունի, բացի այդ, նա ԱՄՆ քաղաքացի է: Մանչինին վստահություն է հայտնել, որ միջադեպը կապված է միգրացիոն քաղաքականությունը խստացնելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի հետ:


«Դա վրդովեցուցիչ է: Այս երկրում մենք չենք զբաղվում կրոնական հիմքի վրա խտրականությամբ»,- նշել է նա:


Miami New Times-ը նշում է նաև, որ Խալիլա Ալիին օդանավակայանում չեն ձերբակալել, քանի որ նա ցույց է տվել նախկին ամուսնու հետ լուսանկարը:


Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն փախստականների ընդունման բոլոր ծրագրերը դադարեցվում են 120 օրով, իսկ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի` Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է 90 օրով։