Փարիզի քաղաքապետը լուսանկարվել է Միկի Մկնիկի հետ՝ Թրամփի խոսքերը հերքելու համար
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լուսանկարվել է Միկի Մկնիկի և նրա ընկերուհի Մինիի հետ Ֆրանսիայի մայրաքաղաքի՝ զբոսաշրջային գրավչությունը կորցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հերքելու համար:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, իր ելույթներից մեկի ժամանակ Թրամփը հիշատակել է իր ընկեր Ջիմին, որը հինգ տարի է՝ չի այցելում Փարիզ, ուր նա բազմիցս մեկնում էր նախկինում, քանի որ «Փարիզն այլևս այն Փարիզը չէ»:
«Դոնալդ Թրամփին և նրա ընկեր Ջիմին՝ մենք Միկի և Մինի Մկնիկների հետ Էյֆելյան աշտարակի վրա տոնում ենք Փարիզի գրավչությունը»,- Twitter-ում գրել է քաղաքապետը՝ տեղադրելով իր լուսանկարը Դիսնեյի հայտնի կերպարների հետ:
Մեկ այլ հաղորդագրությունում Donald&Jim հեշթեգն օգտագործելով՝ Իդալգոն նշել է, որ 2017 թվականի առաջին եռամսյակում Փարիզի հյուրանոցներում տեղերի ամրագրման համար ամերիկացի զբոսաշրջիկների դիմումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով:










