Հռոմի Պապը խմելու մաքուր ջուրը նոր համաշխարհային պատերազմի պատճառ է անվանել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել, որ խմելու մաքուր ջրի պակասը կարող է առաջացնել նոր համաշխարհային հակամարտություն, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ջրային պաշարների հասանելիությանը նվիրված համաժողովին ունեցած ելույթում Պապը հայտնել է, որ եթե որևէ երկիր խմելու մաքուր ջուր ունենալու հնարավորությունը մարդու հիմնարար իրավունք չի համարում, ապա դա ոչ այլ ինչ է, քան եսասիրության խնդիր:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ներկայումս ջրային պաշարների պակասի խնդրի առջև կանգնած է մարդկության ավելի քան 40%-ը, մաքուր ջրից զրկված է մոլորակի 783 մլն բնակիչ:
«ՄԱԿ-ի վիճակագրությունը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Ամեն օր բազմահազար երեխաներ են զոհվում կեղտոտ ջրի հետ կապված հիվանդություններից: Ամեն օր միլիոնավոր մարդիկ վարակված ջուր են օգտագործում»,- հայտնել է Ֆրանցիսկոս Պապը:
Նա քաղաքական գործիչներին, գիտնականներին ու խոշոր ձեռներեցներին կոչ է արել միավորել բոլոր հնարավոր ջանքերը՝ մաքուր ջրով մաքսիմում մեծ թվով մարդկանց ապահովելու համար:










