«Լարսին այլընտրանք գտնելը բլեֆ է, ինչպես 4 տարի առաջ, երբ խոսում էին աբխազական երկաթուղու մասին». Ս. Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնում է վարչապետ Կարեն Կարապետյանի` Վրաստանի այցի հնարավոր արդյունքներին և Լարսին «հին ու նոր այլընտրանքներին»` ի դեմս երկաթուղային ու ծովային ճանապարհների:
-Պարո՛ն Սաֆարյան, ՀՀ վարչապետի ՝ Վրաստան առաջին պաշտոնական այցի շրջանակներում, ըստ էության, շատ փակագծեր չբացվեցին: Միայն Կարեն Կարապետյանն էր խոսել առաջարկներով փաթեթի մասին և ասել, որ ամենակարևոր հարցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Իսկ հայտնի է, որ քննարկման առանցքում եղել են էներգետիկ միասնական համակարգի հաստատումը ՌԴ-ի, Իրանի, ՀՀ-ի և Վրաստանի միջև և նաև Վրաստանի տարածքով բեռների տարանցմանը: Ըստ Ձեզ՝ ինչով է պայմանավորված այս զգուշավորությունը:
-Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ խոսքը վերաբերում է ռուսական ճարտարապետությանը, որը նախատեսում է այսպես ասած` Վրաստանի էներգետիկ կենտրոն դառնալը, և ինչպես ժամանակին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներն էին մեկ տարի առաջ ասում, մի փոքր նմանն է Սովետական միության ստրուկտուրային, երբ Վրաստանը լինում է կենտրոնը, իսկ մնացածն ինտեգրվում են այդ համակարգին: Եվ ես կարծում եմ` այդ զգուշավորությունը պայմանավորված է նրանով, որ դա խաղ է: Իհարկե, ես չգիտեմ`Հայաստանն այս ամենի մեջ որտեղ է տեսնում իր շահը, բայց, ակնհայտորեն, Ռուսաստանն էներգետիկայի ոլորտում փորձում է ռեինտեգրվել նախկին խորհրդային հանրապետություններին` Վրաստանին տալով առաջնային դիրք, ինչի մասին, բնականաբար, տեղյակ են վրացիները: Մենք, բնականաբար, ներառվում ենք այդ պրոյեկտում, և ըստ էության, դառնում դրա այսպես ասած` կույր աղիք: Իհարկե, մեզ փորձում են ներկայացնել, որ այդ համակարգը միայն կովկասյան չէ , դրան կմիանա Իրանը , բայց այստեղ խոսքը վերաբերում է ռուսական նախագծին:
-Այսինքն`ստացվում է, որ հաշվի առնելով, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև եղել են պայմանավորվածություններ, հիմա քաղաքական հարցերը երկրորդվում են տնտեսականի՞ն:
- Կարելի է ասել` այո՛, թեև վստահ չեմ, որ այդ ծրագիրն իրականանալու է: Վստահ չեմ, որ Վրաստանը կմիանա այդ ծրագրերին: Հետևաբար, այս կտրվածքով պետք է հասկանանք, որ Վրաստանն ունի ներքին զգուշավորություն:
-Ի նչո՞ւ ՀՀ կառավարությունը սկզբում ՏՏ նախարար Վահան Մարտիորսյանի, ապա նաև` վարչապետի մակարդակով սկսեցին խոսել Լարսին այլընտրանք ճանապարհի մասին այսքան տարի անց, դա նախորդ կառավարությունները չգիտե՞ին:
- Բլեֆ է, ինչպես և բլեֆ էր 4 տարի առաջ, երբ խոսում էին աբխազական երկաթուղու մասին: Ասեք խնդրեմ, ու՞ր են այդ մարդիկ, փորձագետները, որոնք խոսում էին այդ մասին: Հիմա են հասկանում, որ դրա մասին խոսելն իրատեսական չէ և որ սա մի հարց է, որը Ռուսաստանն ու Վրաստանը չեն դիտարկում տնտեսական շահավետության դաշտում: Չգործարկման պատճառները միանգամայն քաղաքական են և կապ ունեն վրաց-ռուսական հակամարտության հետ: Եվ, եթե նախկինում խոսում էին երկաթուղու տերմիններով, այսօր արդեն Լարսի և հաղորդակցության նմանատիպ խողովակների մասին:
-Արդեն խոսում են, որ կա ծովային ճանապարհ ` Կովկաս նավահանգիստ-Փոթի նավահանգիստ:
-Եկեք հասկանանք, որ խնդիրն իրականում կապված է սևծովյան տարածաշրջանում ուժերի բալանսի հետ: Եվ անգամ Չինաստանն է Վրաստանում շատ մեծ ներդրումներ անում: Երբ, ակնհայտորեն, Սև ծովում ոչ միայն ռազամաքաղաքական, այլև տնտեսական շատ լուրջ ներկայացվածություն է ապահովում Արևմուտքը: Եվ ուղղակի Ռուսաստանը փորձում է այնպես ասած` այլընտրանքային գիծ առաջ տանել` դրանում ներքաշել Վրաստանին: Բայց նորից եմ կրկնում` տարբեր երկրների տարբեր դիրքորոշումներն ու կողմնորոշումները թույլ չեն տալու իրականացնել այդ նախագիծը: Ուղղակի անիրականանալի, պոպուլիստական սննդով կերակրում են ժողովրդին: Ահա, տեսեք, հիմա էլ ծովային ուղի. երկաթուղին շատ աշխատացրեցիք հիմա էլ ծովայինը մնա՞ց:
-Վարչապետն առաջարկում էր նաև, որ գան, Հայաստանում ներդրումներ անեն: Հաշվի առնելով, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, Վրաստանը ԵՄ –ի հետ ունի Ասոցացման պայմանագիր: Եվ այս ռեժիմները տնտեսական տարբեր կարգավորումներ են ենթադրում: Գոնե սա թույլ չի՞ տալիս, որ բլեֆ դուրս չգա:
-Գիտեք`փողը էն բանն է, որ փողն ունեցողը շատ լավ նայում է` որտեղ ինքը ներդրում անի: Եվ Վրաստանն այն երկիրը չէ, որպեսզի վարչապետն այդ ուղերձներն անի, որ Հայաստանը լավագույն ներդրումային միջավայր ունեցող երկրներից մեկն է և կարող են ներդրումներ անել: Վրաստանում շատ լավ գիտեն 170 միլիոնանոց շուկայի բլեֆը: Նաև Վրաստանը, չլինելով ԵՏՄ անդամ, ավելի լուրջ է ներկայացված այնտեղ, քան Հայաստանը և այսպես շարունակ: Ուզում եմ ասել` Վրաստանում շատ լավ գիտեն Հայաստանի մասին, մենք այդքան էլ հեռու երկրներ չենք: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա նույնիսկ մեր վարչապետը ներդրումներ չի անում, ուր մնաց, թե մյուսները գան:
Իսկ ԵՄ-ԵՏՄ համագործակցության կամուրջների մասո՞վ` ի դեմս Հայաստանի ու Վրաստանի:
-Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ եթե ԵՄ-ն ուզենար համագործակցության կամուրջ գտներ, ապա ինքը նման նախագծով հանդես կգար: Ի վերջո, Վլադիմիր Պուտինի ուզածն էլ դա է, որ և ԵԱՏՄ-ԵՄ պայմանագիր կնքվի: Եվ դա նոր չի ու մենք տեսնում ենք, որ չի իրականանում, հատկապես, երբ տեսնում ենք, որ այդ կամուրջն անցնում է սեզոնային փակ և բաց ռեժիմով աշխատող Լարսով:
-Ամեն դեպքում, ինչ-որ արդյունք կտա՞ վարչապետի այս այցը:
-Եթե հիշում եք ` Կարեն Կարապետյանի նշանակումից հետո կարծիք էի հայտնել, որ իր վրա դրված են լուրջ պարտականություններ ՌԴ-ի կողմից, և հիմա, այս այցի շրջանակներում համոզվում ենք դրանում, այն է` ռուսական-էներգետիկ ռեգիոնալ նախագիծը կյանքի կոչելու համար:
Իհարկե, չէի ասի, որ ինքը գործում է բացառապես հանուն Ռուսաստանի շահերի կամ որ վարչապետը չի փորձում այդ ամեն ինչում Հայաստանի համար որևէ օգտակար բան անել, բայց եկեք հասկանանք, որ նա ավելի մեծ ռեգեոնալ խաղի համար է նշանակվել այստեղ:
-Իսկ ի՞նչ եք կարծում` վարչապետի ներհայաստանյան «դրայվը» կփոխարինվի՞ տարածաշրջանային «դրայվով»:
-Ոչ, այդ «դրայվն» այդքան պոտենցիալ չունի:










