Ընտրությունների արդյունքները թիվ 2 տեղամասում բացարձակ կանխոշորված չեն. Արման Սահակյանի, Արտակ Սարգսյանի մրցակիցը ԵԼՔ-ից
Քաղաքական գործունեությամբ զբաղվելու, պատգամավորի հայտ ներկայացնելու հետաքրքրությունս առաջացավ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Tert.am-ի հետ զրույցում ասաց «ԵԼՔ» դաշինքի ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքից (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն) առաջադրված պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը:
Վերջինս ասաց, որ ինքը նախորդ տարվա ապրիլին ակտիվ աշխատանք է տարել երկու ուղություններով՝ լուսաբանել քառօրյա պատերազմը միջազգային հանրության համար և պայքարել կոռուպցիայի դեմ: Հենց այս երկու ուղղություններն էլ, Ենգիբարյանի հավաստիացմամբ, ինքը շարունակելու է պատգամավոր ընտրվելուց հետո:
«Ապրիլյան պատերազմը գուցե մեզ համար ավելի քիչ վնաս հետևանքներ ունենար, եթե Հայաստանում չլիներ կոռուպցիա»,- ասաց Վիկտոր Ենգիբարյանը:
Հարցին՝ ինչո՞վ եք տարբերվելու մյուս պատգամավորներից, եթե անցնեք խորհրդարան, արդյոք համալրելու եք այն պատգամավորների շարքերը, ովքեր չեն աշխատում, օրինագծեր չեն հեղինակում, անգամ ելույթներ չեն ունենում, «ԵԼՔ»-ի թեկնածուն բացասական պատասխան տվեց, ասաց, որ բացի վերոնշյալ աշխատանքից, զբաղվելու է նաև օտարերկրյա ներդրումների թիվը ավելացնելու գործով:
«Առաջարկելու եմ հստակ ծրագրեր, քայլերով, թե ինչպես կարելի է ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծացնել, ապահովել իրենց ներդրումների անվտանգությունը և այլն: Իմ կենսագրությունը հստակ ցույց է տալիս, թե ինչ եմ ուզում անել ԱԺ-ում, ես բիզնես շահեր խորհրդարանում ներկայացնելու կարիք չունեմ»,- մանրամասնեց Ենգիբարյանը:
Իսկ այն հարցին՝ Ձեր ընտւրատեղամասում շատե՞րն են ձեզ ճանաչում, Վիկտոր Ենգիբարյանը խոստովանեց, որ նույն տեղամասում առաջադրված որոշ թեկնածուների համեմատությամբ իրեն ավելի քիչ են ճանաչում: «Իրենք պատգամավոր են եղել երկար տարիներ, իրենց ավելի շատ են ճանաչում: Բայց ես ներկայացնելու եմ լավ ծրագիր: Աշխատանք, այո՛, կա տանելու»,- նշեց Ենգիբարյանը:
Նշենք, որ թիվ 2 ընտրատեղամասում առաջադրված են նաև Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը և այլք: Վիկտոր Ենգիբարյանն ասաց, որ այս անունները կարդացել է մամուլում որպես փող բաժանողներ և իրենց աշխատակիցներին այս տեղամասում գրանցողներ: «Ընտրարշավը չի մեկնարկել, բայց արդեն, ցավոք, նման լուրեր կան»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս եք պայքարելու ընտրակաշառքի դեմ, Վիկտոր Ենգիբարյանն ասաց, որ ինքը խնդիր չի դրել իր առաջ 100 տոկոս ձայներ ստանալու, ապա հույս հայտնեց, որ բնակչությունը իմաստուն կգտնվի և կհասկանա, որ 20-30 հազար դրամը 10 տարվա համար քիչ է:
«Մարդկանց տոկոս կա, որոնց կաշառել հնարավոր չէ, պիտի փորձենք մեծացնել նրանց թիվը, մթնոլորտ ստեղծել, որ կաշառք վերցնելը իրենց ապագայի, իրենց օգտին չէ: Այլ կերպ ինչպե՞ս պայքար մղենք: Մյուս ճանապարհը՝ ԱԱԾ-ն է, իրենք պետք է զբաղվեն այս հարցով»,- շեշտեց նա:
Միաժամանակ, Վիկտոր Ենգիբարյանը նշեց, թե ընտրությունների արդյունքները թիվ 2 տեղամասում «բացարձակ կանխոշորված չեն»:










