Օլանդն ակնարկել է, թե պատրաստվում է Թրամփին Փարիզի Դիսնեյլենդի հրավիրատոմս ուղարկել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արձագանքել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Փարիզն այլևս նախկինը չէ, և որ Ֆրանսիան վտանգավոր է զբոսաշրջիկների համար՝ պայմանավորված ընթացիկ ահաբեկչական սպառնալիքով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ TASS գործակալության փոխանցմամբ:
Շաբաթ օրն այցելելով Փարիզի Դիսնեյլենդ՝ ի պատիվ այգու ֆրանսիական մասնաճյուղի բացման 25-ամյակի, Օլանդը նշել է. «Ես ցանկանում եմ ուղարկել աշխարհին այն ուղերձը, որ Ֆրանսիան ամենուր սիրում են: Մեր երկիրը միշտ սիրել են նաև ամերիկացիները, կամ գոնե նրանց մեծ մասը: Գուցե ես նույնիսկ նրանցից մեկին Եվրոդիսնեյլենդի հատուկ հրավիրատոմս ուղարկեմ, որպեսզի նա հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում Ֆրանսիան»:
Ինչպես նշում է Agence France-Presse-ը, Օլանդի այս հայտարարությունը կարող է դիտվել որպես Թրամփին Ֆրանսիա հրավիրելու ուղղակի ակնարկ:










