Սևանա լճից ջրային կորուստների կրճատում չկա, քանի որ անձեռնմխելի մարդկանց հարցում քաղաքական կամք չկա. բնապահպան
Բնապահպան Կարինե Դանիելյանը տեղին է համարում վարչապետ Կարեն Կարապետյանի դիտողությունները, որ Սևանա լճից ջրբացթողումների ընթացքում ջրային կորուստների կրճատման հարցում կոնկրետ արդյունք չի արձանագրվել:
Հիշեցնենք, որ վարչապետը հանձնարարել էր Սևանա լճից ջրի բաց թողնման համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ՝ փակել ջրառի կետը:
«Խոսքը ոռոգման ջրի մասին է, և իրոք մեզանում շատ բարձր են կորուստները: Որքան ծանոթ եմ այդ խնդրին, հիմնականում այն մարդիկ են, ովքեր իրենց օրենքից բարձր են համարում, ովքեր կա՛մ իշխանության մեջ օրենսդրական, կա՛մ նախարարություններում, ՏԻՄ-երում աշխատող մարդիկ են, կա՛մ հարուստներ են, որոնք հենց օրենքները խախտելով էլ հարստացել են: Դա է խնդիրը, որ ամեն անգամ փորձ է արվում կորուստները կրճատել, բայց արդյունք չկա, քանի որ այդ մարդիկ օրենքից բարձր են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանը:
Կարինե Դանիելյանի խոսքով, եթե վարչապետի կարգադրությունն իրականացվի, ուրեմն շատ դժվար կլինի:
«Իհարկե կան նաև կորուստներ, որը մաշվածության հետ է կապված: «Բայց ժամանակին բավականին ծրագրեր իրականցվել են, որ այդքան կորուստներ դրա հետ կապված չլինի, հիմնականում դրանք օրինախախտումներ են, սակայն մանրամասն ուսումնասիրություններ են եղել»,- ասաց նա:
Այն, որ հարցը մշտապես բարձրացվում է, բայց լուծում չի ստանում, ըստ Կարինե Դանիելյանի, քաղաքական կամքի բացակայության հետևանքով է:
«Առհասարակ, մեր բոլոր ծրագրերի իրականացման, որոշումների թերի մնալը, թղթի վրա մնալը հենց քաղաքական կամքի պակասն է, քանի որ անմիջապես պարզվում է, որ կան անձեռնմխելի մարդիկ»,- ասաց նա:
Հարցին՝ հիմա տեսնո՞ւմ է այդ քաղաքական կամքը, Դանիելյանը պատասխանեց, որ միգուցե ընտրությունների հետ կապված կդրսևորվի որոշ չափով:
Ըստ բնապահպանի՝ հնարավոր է ամբողջ դաշտը կարգավորել օրենքների միջոցով: «Մենք շատ լավ օրենքներ ունենք հիմնականում, սակայն օրենքները միաժամանակ այնպես են գրված, որ սողոսկելու հնարավորություն կա։ Հետո ստացվում է, որ, օրինակ, նույն արտագաղթի բոլոր պատճառներում աշխատատեղի, արտադրության բացակայությունն է, բայց մի հատ նայենք ինչու մեր ամբողջ արտադրությունը կորցրեցինք և ներկրում ենք,նայենք ովքեր են ներկրողները, պատգամավորները, կառավարության անդամները։ Եվ այստեղից էլ գալիս է, որ շահագրգռվածություն չկա, որ Հայաստանը զարգանա»,- ասաց նա:










