Իրենց ընդդիմադիր հռչակած մարդկանց համար կուսակցական շահն ավելի կարևոր է, քան հայրենիքի. Սմբատ Հակոբյանը հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)

14:36 • 26.02.17

 

 «Ազատամարտիկների դաշինքի անդամ» Սմբատ Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում չկա Սմբատ Հակոբյանի մարտական ընկեր, Նորք Մարաշ զինված խմբի գործով անցնող` Վլադիմիր Առաքելյանը (Ադիդասի Վովա, ում ԿԸՀ –ն մերժել էր գրանցել ), նշեց. «Մերժել են ու ասում են` մեղադրանքն այնպիսին է, որ այդ հոդվածի շրջանակներում իրավունք չունեն նման թուղթ տալու: Հիմա տեսնենք` ոնց կլինի»:

Սմբատ Հակոբյանն անդրադարձավ նաև օրերս Սեյրան Օհանյանի կատարած դիտարկմանը, թե ՕՐՕ-ն միակ ուժն է, որը չի վերահսկվում, ինչը վրդովվեցրել էր «Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանին, ով ասել էր, որ այդ խոսքերի համար Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը պետք է ներողություն խնդրեն, եթե նկատի են ունեցել նաև «Ելք» դաշինքին:

Ի պատասխան սրան` Սմբատ Հակոբյանն ասաց.

«Նույն բանը ես եմ կրկնել` անկախ մեկս մեկի ելույթից: Կրկնվելու բան չկա, որովհետև նույն կարծիքին ենք մենք: Եվ էն գործունեությունը, որ ծավալվեց ազատամարտիկներիս կողմից վերջին մի քանի ամիսների ընթացքում, էդ համախմբման` մի գաղափարի, մի նպատակի շուրջ հավաքելու իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերին, այդպես էլ չստացվեց, որովհետև ես անցած անգամ հարցազրույցում ասել եմ, չեմ խորշի մի անգամ էլ կասեմ, որովհետև բազմաթիվ ու, ցավոք, մեծ կուսակցություններ կան, որտեղ հավաքված մարդկանց համար կուսակցական շահը, անձնական շահն ավելի կարևոր է, քան ընդհանուրի ու հայրենիքի շահը: Էստեղ է բախումը, էստեղ է, որ մեր ու նրանց մեջ անջրպետ կա»:

Մանրամասները` տեսանյութում։