Մհեր Սեդրակյանը դուրս է գալիս քաղաքականությունից և որևէ մեկից նեղացած չէ

15:04 • 27.02.17

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը դուրս է գալիս քաղաքականությունից. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ նշելով, որ որևէ մեկից նեղացած չէ:

«Ոչ մեկից նեղացած չեմ, ես քաղաքականությունից դուրս եմ եկել՝ համ դուք ինձանից կպրծնեք, համ ես՝ ձեզանից»,-ասաց նա և նշեց, որ որոշել է զբաղվել բիզնեսով:

Հարցին, թե հանդիպե՞լ է Նախագահ Սերժ Սարգսյանի կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, Մհեր Սեդրակյանը պատասխանեց, որ ոչ մեկին չի հանդիպել. «Ոչ մեկի հետ չեմ հանդիպել, ես քաղաքականությունից, ասացի, որ դուրս եմ եկել»:

Ըստ նրա՝ որևէ ճնշում իր դեմ չի եղել. «Տենց բան չկա, իմ դեմ ոչ մեկ ճնշում չի գործադրել, չի էլ կարող»։

Հարցին, թե կուսակցությունում կմնա՞, Մհեր Սեդրակյանը պատասխանեց, թե դեռևս չգիտի:

Հարցին, թե որպես քաղաքացի՝ ո՞ւմ է տալու առաջիկա ընտրություններին իր ձայնը, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, որ չի ընտրելու, իսկ թե չի էլ աջակցելո՞ւ որևէ թեկնածուի Էրեբունի մարզում, պատասխանեց. «Չեմ մասնակցելու, որևէ մեկին չեմ էլ սատարելու: Բայց եթե իմ ընկերները իմ խոսքը կհարգեն, Բեգլարյան Գագիկի եղբորը կօգնենք»:

Հարցին, թե լավ կարիերա էր ցանկանում պատրաստել իր որդու համար, ինչո՞ւ ձախողվեց, պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ է, դա էլ մեր գաղտնիքն է, ամեն ինչ ասե՞մ»:

Իսկ հարցին էլ, թե դիրքերը Էրեբունի վարչական շրջանում չի՞ կորցրել արդյոք, պատասխանեց. «Ի՞նչ դիրք եմ ունեցել, ինչ էլ կորցնեմ: Էրեբունին վերցնում են, վեկալան, հո ամբողջ քաղաքական կամ աշխարհը չեն վեկալի ինձանից»:

Սեդրակյանը պնդեց, թե բոլորի հետ սերտ հարաբերությունների մեջ է: «Եթե ձեզ հետ ընկեր եմ, այսօր չկարողացա ձեզ օգնել, վերաբերմունքը կփոխե՞ք»,-ասաց նա։