Ադրբեջանն ագրեսորի կեցվածք ունի, հետապնդում է մարդկանց, ովքեր ունեն քաղաքական համոզմունքներ. Արա Զոհրաբյան (տեսանյութ)
Բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու և ԵՄ պատգամավորներին Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելու դեպքերը տարբեր են:
Այս մասին այսօր ԵՄ պատգամավորներին Ադրբեջանի կողմից կալանքի որոշում կայացնելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ հայկական կողմի հակաքայլերի մասին թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Իրավական տեսանկյունից Լապշինի դեպքում իրավիճակն այլ էր, Բելառուսը մի շարք պայմանագրերի միացած չէր, միակ ազդեցիկ լծակը ՄԱԿ-ի խողովակն էր, որ չաշխատեց: Լապշինն Ադրբեջանի համար լինելու է տրոյական ձի, իրենք սրանով ձախողելու են: Ադրբեջանն ագրեսորի կեցվածք ունի, այդ երկիրը հետապնդում է մարդկանց, ովքեր ունեն քաղաքական համոզմունքներ»,-ասաց Զոհրաբյանը:
Անդրադառնալով իրավական հիմքերին՝ Արա Զոհրաբյանն ասաց, որ կա Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոնվենցիա՝ Եվրոպական կոնվենցիան, որը երաշխավորում է օրենքի հիման վրա պատիժ սահմանելու երաշխիքը. «Այսինքն՝ պետությունները միայն օրենքով սահմանված արարքների դեպքում կարող են նախատեսել պատիժ: Տվյալ դեպքում Ադրբեջանը ԵՄ երեք պատգամավորների մեղադրանքի հիմքում դնում է այն, որ իբրև նրանք հատել են ադրբեջանական պետական սահմանը: Ի դեպ, նույն Ադրբեջանի օրենքներով 318-րդ հոդվածի համաձայն՝ պետք է Ադրբեջանի կողմից պահպանվող պետական սահմանը հատվի: Այսինքն, ինչ էլ որ իրենք փորձեն մեջբերել, առնվազն անվիճելի է, որ Արցախի Հանրապետության սահմանն իրենց կողմից որևէ կերպ չի վերահսկվում: Այսինքն` միայն այս փաստը խոսում է այն մասին, որ այդ հոդվածը չեն կարող կիրառել ոչ ոքի նկատմամբ»:
Արա Զոհրաբյանի խոսքով՝ բացի այդ, Ինտերպոլի կանոնադրության համաձայն՝ արգելվում է քրեական հետապնդման ժամանակ համագործակցել պետության հետ, եթե կան այլ քաղաքական նպատակներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










