Եթե ՀՀԿ-ն հաղթի, Կարեն Կարապետյանը վարչապետի մեր թեկնածուն կլինի նաև ապրիլյան ընտրություններից հետո. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
ՀՀԿ-ի թիվ մեկ մրցակիցը ոչ թե քաղաքական ուժերն են, այլ երկրի չլուծված խնդիրները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեր թիվ մեկ մրցակիցը Հայաստանի չլուծված խնդիրներն են, ոչ թե քաղաքական ուժերը։ Ակնհայտ է, որ ոչ իշխանական բոլոր ուժերն էլ կցանկանան, որպեսզի ՀՀԿ-ն իրենց դիտարկի հիմնական մրցակից, դա կբյուրեղացնի նրանց կերպարն ընդդիմադիր դաշտում, ինչը կարող է լրացուցիչ էլեկտորատ բերել»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ցանկանում է հաղթել ազատ և արդար ընտրություններում:
Խոսելով ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի մասին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ նոր կառավարության և նոր վարչապետի վարկանիշը, հասարակական ընկալումն այնքան բարձր են, որ ՀՀԿ-ում համոզված են՝ նրան նորից հաստատելու համար բոլոր հնարավորություններն առկա են:
«Նոյեմբերին կայացած համագումարի ժամանակ նախագահը հայտարարեց, որ եթե Հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրություններում հաղթի, Կարեն Կարապետյանը վարչապետի մեր թեկնածուն կլինի նաև ապրիլյան ընտրություններից հետո»,- ընդգծեց Աշոտյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի ներսում կուսակցության անդամների միջև ծավալվող մրցակցությանը և միջադեպերին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ այդ թեմայով հանդիպում եղել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ. «Ընտրապայքարը պետք է մաքսիմալ կոռեկտության սահմաններում լինի: Գործող օրենսդրությունը տալիս է հնարավորություն, որով կարող են մրցակցել նաև նույն կուսակցության տանիքի ներքո, ցուցակի ներքո գտնվողները»։
Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ Նախագահի հետ կայացած խորհրդակցության ընթացքում հատուկ շեշտադրում է արվել ընտրությունների օրինականության վրա և քաղաքական պայքարի քաղաքակիրթ լինելու հրամայականին:










