Ամերիկյան հեռուստաալիքի եթերում հայտնվել է մի տղամարդ, որը ներկայացել է որպես Շվեդիայի կառավարության խորհրդական (տեսանյութ)
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում հայտնվել է Նիլս Բիլդտ անունով մի տղամարդ, որը ներկայացել է գոյություն չունեցող պաշտոն ունեցող անձի դերում` որպես Շվեդիայի կառավարության պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով խորհրդական:
The New York Times-ը գրում է, որ ինքնակոչը հայտնվել է The OʼReilly Factor հաղորդման եթերում, որը նվիրված է եղել Շվեդիայում ներգաղթյալների կյանքին: Բիլդտը հայտնել է, որ երկրում աճել է հանցագործությունների թիվն ու անվտանգության հետ խնդիրներ են առաջացել օտարերկրացիների հոսքի ավելացման հետևանքով:
Նշվում է, որ Շվեդիայի կառավարությունը ծանոթ չէ Նիլս Բիլդտի հետ:
«Մենք չգիտենք նրան: Երբեք չենք լսել նրա մասին շվեդական զինված ուժերում: Նա չի կարող խոսել մեր անունից», - ասել է ազգային բանակի ներկայացուցիչը:
Նույն հայտարարությունն արել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը: Նաև պարզվել է, որ կառավարությունում նման պաշտոն գոյություն չունի:
The New York Times-ի լրագրողները պարզել են, որ մինչև 2013 թվականը Նիլս Բիլդտը կրել է Թոլինգ ազգանունը: Տղամարդը որոշել է զբաղվել քաղաքականությամբ և ենթադրաբար փորձել ձևանալ Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտի բարեկամը:
The OʼReilly Factor հաղորդման ներկայացուցիչները հայտնել են, որ եթերից առաջ հեղինակները երաշխավորագրեր են ստացել մի քանի ազդեցիկ մարդուց, ուսումնասիրել Բիլդտի կենսագրությունն ու նախնական հարցազրույց անցկացրել:
Հաղորդման գործադիր պրոդյուսեր Դևիդ Տաբակոֆի խոսքով` բոլոր ստուգումները հաստատել են, որ «խորհրդականը» կարող է հանդես գալ հաղորդման հյուրի դերում:










