Ընտրակաշառք բաժանել շատերն են պատրաստվում, մինչդեռ այդ  հարցում ՀՅԴ-ն բացառություն է. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

15:30 • 27.02.17

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմեն Ռուստամյանը հաստատեց՝ ընտրակաշառք բաժանել շատերն են պատրաստվում, որն ըստ կանոնի, սկսում են բաժանել, մեկ-երկու օր առաջ, մինչդեռ ըստ նրա, այդ հարցում ՀՅԴ-ն բացառություն է:  

«Շատերն են պատրաստվում ընտրակաշառք բաժանել, բայց ուզում են ճշտել կարող են այդ մրցակցության մեջ մտնել, թե ոչ»,-ասաց նա՝ անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից բաժանվող մինչև 100 դոլարի հասնող ընտրակաշառքների բաժանելու մասին խոսակցություններին ։

«Ընտրություններից մի ամիս առաջ կոնկրետ թվերի մասին խոսելն անիմաստ է, որովհետև ընտրակաշառքը բաժանում են հիմնականում նույն օրը։ Առայժմ ոչ մեկին 100 դոլար կաշառք չեն տվել։ Ուզում են ուսումնասիրել հնարավոր տարբերակները, իրենց մեջ ճշտեն գները։ Սա էլ նորություն չէ, բայց այս անգամ, բնականաբար, ավելի շատ է օգտագործվելու, որովհետև ընտրակեղծիքները տեղամասերում գրեթե անհնար են։ Մնում է հիմա դուրսը ընտրակեղծիքներ կատարեն», - ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով` այս հարցում ՀՅԴ-ն միշտ բացառություն է եղել.«Եթե ընտրակաշառք բաժանած լինեինք, արդեն իշխանություն ձևավորած կլինեինք։ ՀՅԴ-ն ունի հստակ էլեկտորատ, որի առջև պատասխանատու է: Հնարավոր չի, որ ով ունի կայուն էլեկտորատ սկսի ընտրակաշառք բաժանել։ Բա այդ մարդիկ, որ միշտ մեզ ձայն են տվել առանց ընտրակաշառքի, մեզնից չեն նեղանա, չեն հիասթափվի՞»:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն էլ իր էլեկտորատն ունի. «Եթե քաղաքական ուժն աշխատել է տարիներ շարունակ, ապա էլեկտորատ այսպես, թե այնպես ունի, հարց է, թե այդ էլեկտորատը բավակա՞ն է իշխանություն ձևավորելու ու մեծամասնություն ունենալու համար: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ նման էլեկտորատ ոչ մեկ չունի, ես վստահ եմ: Այս ընտրությունները փաստելու են , որ որևէ մեկը չի կարող հավակնել միանձնյա մեծամասնություն ունենալու, որովհետև հիմնական հարցը, որ մենք լուծել են ընտրությունների վրա ազդող, կանխորոշող, իշխանությունների վերարտադրման մեքենան է քանդվել : Մեծ մասով պայմանավորված էր նրանով, որ բազմակի քվեարկություններ էր տեղի ունենում, բացակաների փոխարեն էին քվեարկում, հիմա դրանց վրա ազդելու լծակները ստեղծված են»,- ասաց նա:

Նրա խոսքով` այժմ հերթը հասել է նրան, որ բարձրացվի ընտրողի քաղաքական գիտակցությունը: Ռուստամյանի դիտարկմամբ`ընտրողներն այսօր ընտրությունը դիտարկում են , որպես փող աշխատելու միջոց: «Նրանք իրենք են փնտրում կաշառք տվողներին, այստեղ է դժվարությունը: Պիտի հասկանան, որ ի վերջո այն ինչ ստանում են, դառնում է իրենց գինը, իրենք ձախողում են իշխանություն ձախողելու հնարավորությունը»,-ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ հասկանում են՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով գին են վճարելու, որովհետև դժգոհության զգալի մասն ուղղվում է իշխանության մեջ եղողներին: Ըստ նրա, սակայն հասկացել են, որ դժգոհությունները հավերժ կլինեն, եթե դա չվերացնեն: «Իսկ այդ դժգոհությունները կարելի էր վերացնել միայն իշխանության հետ: Ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում փոփոխությունը երկու ճանապարհով է տեղի ունենում` հեղափոխությամբ, արյունահեղությամբ, որը ՀՀ-ի համար անընդունելի է, կամ ներսից է կատարվում փոփոխություն` հասունանում է անհրաժեշտությունը փոփոխություն կատարելու, սրանից ենք օգտվել , որ համակարգ փոխենք»:

Դիտարկմանը, թե այսինքն ՀՀԿ-ի հետ շարունակելու է կոալիցիոն համագործակցությունը, Ռուստամյանը խուսափողական պատասխան տվեց, միայն նշելով, որ  նոր համակարգով ՀՀ-ում բացառվում է ավտորիտար ռեժիմը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը չցանկացավ խոսել ՀՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի տան միջադեպի մասին: