Հակառակորդը Տավուշի ողջ սահմանագծով գիշերն ինտենսիվ կրակել է` այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

11:59 • 27.02.17

Նախորդ գիշեր Տավուշի մարզի Բաղանիս և  մարզի այլ սահմանային  գյուղերի ուղղությամբ` սահմանի ողջ երկայնքով հակառակորդի դիրքերից կրակել են, նախորդ օրերի համեմատությամբ ավելի ինտենսիվ, այդ թվում` նաև  խոշոր տրամաչափի հրաձգային միջոցներով: Այս մասին  Tert.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար  Նարեկ Սահակյանն էլ Tert.am -ին հայտնեց հետևյալը. «ժամը 23։30-կողմերը  եղավ կարճ  կրակահերթ գյուղի ուղղությամբ.  նյութական և մարդկային կորուստներ չունենք, փառք Աստծո»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկցնում էր,որ փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 և 27 արկ: