Բարսելոնայում անցկացվող «Mobile World Congress»-ի շրջանակում ՀՀ տրանսպորտի նախարարին են ներկայացվել 5G ստանդարտի հնարավորությունները

18:50 • 27.02.17

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում անցկացվող «Mobile World Congress»-ի աշխատանքների շրջանակներում փետրվարի 27-ին հանդիպել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited)  ընկերության ԱՊՀ տարածաշրջանի փոխնախագահ  Սյուե Բինին։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից։

Սյուե Բինը նախարարին ծանոթացրել է ընկերության ընթացիկ գործունեությանը, կոմերցիոն շուկայում ներկայացված 5G ստանդարտի հնարավորություններին։

Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը, մասնավորապես  «Խելացի քաղաք» և «Տվյալների մշակման կենտրոն» նախագծերը և դրանցում  ZTE-ի մասնակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

«ZTE» կորպորացիան Չինաստանում մեծությամբ երկրորդ ընկերությունն է, որը մասնագիտացած է հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր։

Բազմաթիվ երկրներում «ZTE» -ն ունի ոչ միայն ներկայացուցչություններ, այլև գիտահետազոտական կենտրոններ։